Միգրենը կարող է Բելլի կաթվածի պատճառ դառնալ

10:33   22 դեկտեմբերի, 2014

Միգրենը բավականին տարածված նյարդաբանական խնդիր է, որի առավել բնորոշ ախտանիշերն են տանջալից գլխացավի պարբերաբար կրկնվող նոպաները: Յան-Մինի ազգային համալսարանի հետազոտողները պարզել են, որ միգրենը ոչ միայն վտանգավոր եւ տհաճ է ինքնին, այլ նաեւ կրկնապատկում է Բելլի կաթվածի հավանականությունը (դիմային նյարդի կաթվածի ամենատարածված ձեւը): 

Հետազոտությանը մասնակցել է 136 704 չափահաս: Առաջին խմբում ընդգրկվել են միգրեն ունեցող, իսկ երկրորդի մեջ՝ այդ հիվանդությունը չունեցող մարդիկ: Մոտ երեք տարի գիտնականները հետեւել են կամավորներին: Այդ ժամանակահատվածում Բելլի կաթվածը զարգացել է միգրեն ունեցող 671 մարդու եւ այդ հիվանդությունը չունեցող 365 մասնակցի մոտ: 

Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ միգրենով հիվանդ մարդիկ երկու անգամ ավելի են հակված Բելլի կաթված ստանալու հավանականությանը, քան այս հիվանդությունը չունեցողները:

Հետազոտողները հաշվի են առել այլ գործոններ եւս, որոնք ազդել են արդյունքների վրա (օրինակ՝ արյան բարձր ճնշումն ու շաքարախտը): Մասնագետները միգրենի եւ Բելլի կաթվածի հնարավոր պատճառներ են համարում վարակները, բորբոքումները եւ սրտանոթային համակարգի խնդիրները: Բայց ինչպես պարզվել է, միգրենը նույնպիս որոշակի դեր ունի, բայց թե ինչպես են դրանք կապված, մնում է դեռ պարզել: 



© NEWS.am Medicine