Ալյուրը հարստացվում էր նաեւ Սովետական միությունում. առողջապահության նախարարություն

15:02   21 դեկտեմբերի, 2014

Ալյուրը հաջողությամբ հարստացվում էր նաեւ Խորհրդային Միությունում: Այս մասին Ծաղկաձորում ընթացող զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար ալյուրի հարստացման, առողջ ապրելակերպի եւ իմունականխարգելման  թեմաներով երկօրյա սեմինարի ընթացքում ասաց Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը։

Նա նշեց, որ 2009 թվականից եթե ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագիր իրականացվում էր աշխարհի 55 երկրներում, ապա այսօր արդեն այդ երկրների թիվը հասել է 82-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը  ներկայացնելով «ԱՀԿ դիրքորոշումը եւ ուղեցույցները» զեկույցը` նշեց, որ արդյունաբերական եղանակով ցորենի կամ եգիպտացորենի ալյուրի հարստացումն արդյունավետ, պարզ եւ ոչ ծախսատար մեթոդ է, որն  անհրաժեշտ վիտամիներով եւ  տարրերով կհամալրի  մարդկանց սննդակարգը: Նա վկայակոչելով միջազգային բազամթիվ գիտական հետազոտություններ` ընդգծեց, որ   այս ծրագրի իրականացումը խնդրի լուծման լավագույն միջոց է:

Սեմինարին տեսակապի միջոցով Տորոնտոյից միացավ նաեւ  կանադացի միջազգային փորձագետ Կվենտին Ջոնսոնը:

Ջոնսոնը հայտնեց, որ իրենց երկրում եւս հանրային առողջապահական նման ծրագիր իրականացնելու համար պատճառ են հանդիսացել սակավարյունության դեպքերի լայն տարածումը: 

Փորձագետը հայտնեց, որ ծրագրի իրականացումը Կանադայում սպառողների շրջանում դրական  արձագանք է ստացել: Նա հայտնեց, որ Կանադան ալյուրի հարստացման ծրագիրն իրականացնում է 1948 թվականից: Կանադայում հարստացվում են նաեւ կաթը, հյութերը եւ նախաճաշի համար նախատեսված եգիպտացորենի հատիկները:



© NEWS.am Medicine