Առողջ ապրելակերպը կարող է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը

13:11   22 դեկտեմբերի, 2014

Եվրոպական երկրներում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան ընդհանուր դեպքերի 80 տոկոսի պատճառ են: Դրանցից 50 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին, 20-ը` չարորակ նորագոյացություններին, 8 տոկոսը` վնասվածքներին և թունավորումներին:

Հայաստանում բնակչության մահացության պատճառների կառուցվացքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 90 տոկոս: Այդ թվում` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 48, չարորակ նորագոյացությունները` 19.9, մարսողական օրգանների համակարգի հիվանդությունները` 6.3, վնասվածքները և թունավորումները` 4.9, իսկ շաքարային դիաբետը` 4.8 տոկոս:

Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կարող է նկատելիորեն նվազել առողջ ապրելակերպի շնորհիվ, պնդում են բազմաթիվ մասնագետներ:

Խոսելով առողջ ապրելակերպի և ոչ վարակիչ հիվանդությունների մասին` հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինա Գյուրջյանը նշեց, որ առողջ ապրելակերպն առաջին հերթին ենթադրում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող համալիր միջոցառումներ, որոնք կարող են կանխել և նվազեցնել հիվանդացության և վաղաժամ մահացության աճը:

«Այդ միջոցառումների նպատակն առողջության բարելավումն ու ամրապնդումն է»,- ընդգծեց նա:

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումների շարքում հանրային առողջապահության մասնագետը ներկայացրեց ռազմավարությունը, օրենսդրական դաշտը և իրականացվող միջոցառումները։ Բանախոսը կարևորեց պայքարը ծխելու, ալկոհոլը չարաշահելու, անառողջ սննդի, ֆիզիկական թերակտիվության, ավելորդ քաշի և այլ ռիսկերի դեմ։ Բնակչության կրթումը, առողջության բոլոր ռիսկերի բացահայտումը և հիվանդությունների համախտանիշների վաղ փուլերի հայտնաբերումը և բուժումը նույնպես անհրաժեշտ միջոցառումների թվում են:



© NEWS.am Medicine