Ամերիկացի նույնասեռականներին թույլատրել են արյան դոնորներ լինել

20:00   24 դեկտեմբերի, 2014

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են հանել նույնասեռական տղամարդկանց համար դրված արյան դոնոր հանդիսանալու սահմանափակումների մեծամասնությունը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը:

Եթե նախկինում հոմոսեքսուալ եւ բիսեքսուալ տղամարդկանց ցմահ արգելվել էր արյան դոնոր հանդիսանալ, հիմա արգելքը կսահմանափակվի 12 ամսով՝ վերջին միասեռ կապի պահից սկսած:

«Այս պահին դեռ համոզիչ գիտական տվյալներ չկան, որոնք կապացուցեին, որ արյունն անվտանգ է 12 ամսից էլ քիչ ժամանակահատվածում»,-ասվում է ԱՄՆ սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչության հայտարարության մեջ:

ԱՄՆ-ում արյան դոնոր հանդիսանալու ցմահ արգելքը նույնասեռականների համար ընդունվել է 1983 թ.՝ այդ ժամանակ հիմնականում հոմոսեկսուալ տղամարդկանց շրջանում տարածվող ՄԻԱՀ/ՁԻԱՀ-ի համաճարակների առաջին փուլում: Մինչեւ հիմա նույնասեռականները վիրուսի վարակման նոր դեպքերի ավելի քան 60%-ն են կազմում:

Հիմա նրանց դոնորային իրավունքները հավասարեցրել են բարձր ռիսկային այլ խմբերի հետ՝ ներառյալ ներերակային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց եւ մարմնավաճառների ծառայություններինց օգտվող հետերոսեքսուալ տղամարդկանց:



© NEWS.am Medicine