Բժիշկներն առանց արյան փոխներարկման 27–կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

22:42   24 դեկտեմբերի, 2014

Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգո Մորս քաղցկեղի կենտրոնի վիրաբույժները մի տղամարդու ոտքից 27–կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել: Այս գործընթացը, որը նախկինում երբեւէ չէր կատարվել, փրկել է հիվանդի կյանքը:

Դաունի համախտանիշով Մաթյու Քյուրեշին առաջին անգամ աճող ուռուցքը նկատել է ութ տարի առաջ, բայց բժիշկները չէին կարող վիրահատել նրան, որովհետեւ հիվանդը Եհովայի վկա էր եւ, հետեւաբար, չէր ընդունում արյան փոխներարկումը: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով KGTV-ին:

Սակայն 37-ամյա տղամարդը ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը, երբ քայլել այլեւս հնարավոր չէր:

Բժիշկները մշակել են ուռուցքի հեռացման  մի գործընթաց, որը կատարվում է առանց արյան փոխներարկման: Վիրաբույժների թիմն արմատից հեռացրել է ուռուցքը եւ ձգողականության ուժի շնորհիվ կանխել ՝ արյունահոսությունը: Բժիշկները վիրահատության այս նոր ձեւը պլանավորում են փորձարկել նաեւ նմանատիպ ուռուցք ունեցող եւս երկու հիվանդի վրա:

Նշենք, որ ուռուցքը չարորակ չի եղել:



© NEWS.am Medicine