Օրգանիզմում առկա սպիտակուցը կօգնի բուժել Էբոլան եւ բազմաթիվ այլ հիվանդություններ

17:00   6 հունվարի, 2015

Մարդու օրգանիզմում առկա GRP78 սպիտակուցը կարող է օգնել բուժել մի շարք ծանր հիվանդություններ, այդ թվում՝ Էբոլա տենդը, ուղեղի քաղցկեղը, հեպատիտները, գրիպը եւ հակաբիոտիկակայուն մանրէների հարուցած մի շարք հիվանդություններ: Այդպիսի եզրահանգման են եկել Վիրջինիայի համագործակցության համալսարանի (Virginia Commonwealth University)  գիտնականները եւ իրենց բացահայտման մասին նրանք հրապարակել են  հոդված Journal of Cellular Physiology ամսագրում:

GRP78 սպիտակուցը պատկանում է շապերոն սպիտակուցների դասին, որոնք նպաստում են այլ սպիտակուցների ձեւերի ուղղորդմանն ու պահպանմանը: Շապերոն սպիտակուցները կարեւոր են քաղցկեղածին բջիջների եւ վիրուսից վարակված բջիջների համար, քանի որ դրանք հավելյալ սպիտակուցներ են արտադրում՝ համեմատած սովորական բջիջնեի հետ:

Մասնագետներն օգտագործել են GRP78 սպիտակուցների վրա հարձակման համար երկու դեղամիջոցների համակցություն եւ այդ կերպ նրանց հաջողվել է կանխել վարակված բջիջներում վտանգավոր վիրուսների մի ամբողջ շարքի վերարտադրությունը (ինքնաարտադրողականությունը): Բացի դրանից, նույն մեթոդով գիտնականներին հաջողվել է ստեղծել սովորական հակաբիոտիկների համար խոցելի սուպերբակտերիաներ եւ ոչնչացնել ուղեղի ուռուցքի ցողունային բջիջները:

Հետազոտողներն ուղեղի քաղցկեղի, գրիպի վիրուսի, խոզուկի, կարմրախտի, Կոկսակի, Չիկունգունյայի, Էբոլայի, հեպատիտի, ադենովիրուսի, E-coli, մետիցիլինակայուն ստաֆիլակոկի եւ գոնոկոկի ցողունային բջիջների մի քանի տեսակների վրա փորձարկումներ են իրականացրել: Գիտնականների եզրահանգումները խոսում են այն մասին, որ անհաղթահարելի թվացող հիվանդությունների բուժումն ամբողջությամբ հնարավոր է, եւ այդ մոտեցումը խոստումնալից է թվում:



© NEWS.am Medicine