Փարթամ կազմվածքով կանայք ավելի հաճա՞խ են խելացի երեխաներ ծննդաբերում

22:44   20 հունվարի, 2015

Բնությունը մարդու իգական սեռի ներկայացուցիչներին հենց այնպես չի օժտում փարթամ ազդրերով: Պարզվում է՝ մոր ազդրերի ճարպային նստվածքները պտղի ուղեղի զարգացման ժամանակ օգտագործվում են որպես սննդանյութերի աղբյուր:

Պիտսբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց ազդրերում եւ հետույքներում գտնվող ճարպային նստվածքների քանակն ուղղակիորեն կապված է երեխայի ինտելեկտուալ զարգացման եւ նրա ապրելու շանսերի հետ: Ըստ երեւույթին, բանն այն է, որ այդ գոտիներում կարելի է նյարդային համակարգի եւ ուղեղի ձեւավորման համար օգտագործվող օգտակար դոկոզահեքսայենային թթու գտնել: Վերը նշված համալսարանի պրոֆեսոր Վիլ Լասեկը բացատրել է, որ պտղի ուղեղի զարգացման համար անհրաժեշտ թթվի մոտ 80%-ը փոխանցվում է մոր ճարպային նստվածքներից:

Նրա խոսքով, դա նաեւ բացատրում է այն, թե ինչու  են տղամարդիկ էվոլյուցիոն տեսանկյունից նախընտրությունը տալիս փարթամ մարմնով կանանց: Ի դեպ, կաթնասունների մեծամասնության մարմնում պարունակվում է մոտավորապես 5-10% ճարպ, իսկ կնոջ մոտ ճարպի ծավալը հասնում է մինչեւ 30%-ի:



© NEWS.am Medicine