Էբոլաի դեմ պայքարող դեղամիջոցները կարող են անարդյունավետ դառնալ նախքան շուկա դուրս գալը

11:42   21 հունվարի, 2015

Էբոլայի վիրուսը շարունակ փոփոխվում է եւ զարգանում, ուստի մշակման փուլում գտնվող դեղամիջոցները կարող են անարդյունավետ դառնալ շուկայում հայտնվելուն պես: Այս մասին հայտարարում են ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների ռազմաբժշկական հետազոտական ինստիտուտի մասնագետները:

Փորձնական դեղամիջոցները պաշարում են վիրուսի գենետիկ կոդը եւ կապում վիրուսի արտադրած սպիտակուցները: Սակայն, եթե վիրուսի բնական էվոլյուցիայի արդյունքում վիրուսի գենետիկ կոդը փոփոխվի, դեղերն արդեն ոչինչ չեն կարող անել դրա հետ:

ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների ռազմաբժշկական հետազոտական ինստիտուտի գենոմային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գուստավո Պալասիոսը պատմել է նոր հետազոտության մասին, որի շրջանակում ուսումնասիրվել է Էբոլա վիրուսի ներկայիս շտամը: Հետազոտության նպատակն է եղել հայտնաբերել այն փոփոխությունները վիրուսի ՌՆԹ-ում, որոնք ունակ են ազդել դեղամիջոցների արդյունավետության վրա:

Գիտնականները համեմատել են Աֆրիկայում ներկայիս համաճարակի «մեղավոր» վիրուսի գենետիկ կոդը (վիրուսի կոդային անվանումն է՝ EBOV/Mak) վիրուսների երկու տարբերակների՝ 1976 թ. նախկին Զաիրի (հիմա Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն) Յամբու գյուղի համաճարակի EBOV/Yam-May  եւ 1995 թ. նույն պետության  Կիկվիտ քաղաքի EBOV/Kik-9510621 վիրուսների հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում Էբոլայի վիրուսի մեջ իսկապես գենետիկ մուտացիաներ են տեղի ունեցել, ընդ որում, փոփոխությունները մոտավորապես երեք տոկոսով ազդել են վիրուսի գենոմի վրա:

Հետազոտողները նաեւ նեղացրել են իրենց որոնումների շրջանակը՝ ուշադրություն դարձնելով գենետիկ կոդի այն մասերի մուտացիաներին, որոնք փորձնական դեղամիջոցների անմիջական թիրախն են:

«Վիրուսը փոփոխվել է այն ժամանակից ի վեր, ինչ սկսել են դրա դեմ դեղամիջոցներ ստեղծել, եւ այն շարունակում է փոփոխվել: Էբոլայի հետազոտողները պետք է ժամանակին գնահատեն դեղամիջոցների արդյունավետությունը, որպեսզի չստացվի այնպես, որ նրանք թանկարժեք ռեսուրսներ են ծախսում բուժում մշակելու վրա, որն այլեւս ոչ մեկին պետք չէ: Վիրուսը շատ արագ է փոփոխվում, եւ դա լուրջ խնդիր է»,-ասել է ԱՄՆ զինված ուժերի գենետիկ Ջեֆրի Կագելմանը:



© NEWS.am Medicine