Գիտնականները խորհուրդ են տալիս օրական 44 գրամ ընկույզ ուտել

10:34   22 հունվարի, 2015

Ծառի ընկույզը (ինչպիսիք են՝ հունական ընկույզը, նուշը, բրազիլական ընկույզը, բալատրենին, պնդուկը, մակադամիան, պեկան ընկույզները, սոճու ընկույզները, պիստակը) հարուստ են սպիտակուցներով, բջջանյութով, ոչ հագեցած ճարպերով, ինչպես նաեւ կարեւոր վիտամիններով ու հանքանյութերով, ուստի մասնագետներն առաջարկում են անպայման այդ ընկույզները ամենօրյա սննդակարգի մեջ ներառել:

Լուիզիանայի համալսարանում նոր հետազոտություն են անցկացրել, որին 14 386 մարդ է մասնակցել: Պարզվել է, որ օրական 44 գրամ ընկույզը բավական է, որպեսզի մարդու առողջական վիճակը զգալիորեն բարելավվի, եւ օրգանիզմն ապահովվի բազմաթիվ օգտակար նյութերով:

Գիտնականները հայտնաբերել են, որ ընկույզ ուտող մարդիկ հիմնականում ավելի ճիշտ են սնվել եւ առավել առողջ են եղել, քան նրանք, ովքեր ընկույզ չեն կերել:

Հետազոտողները կարծում են, որ մարդկանց կարեւոր է տեղեկացնել ընկուզեղենի օգտակարության մասին եւ նրանց հասցնել առօրյա սննդակարգի մեջ ընկույզներ ընդգրկելու միտքը:

Ի դեպ, վերջերս իրականացրած եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ հունական ընկույզը պաշտպանում է շագանակագեղձի քաղցկեղից եւ զսպում ուռուցքների աճը: Բացի դրանից, ընկուզեղենն իջեցնում է խոլեստերինը եւ բարձրացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը, ինչը թույլ է տալիս նվազեցնել շաքարախտի հավանականությունը:

 



© NEWS.am Medicine