Մեքսիկացին կլինիկա է եկել գլխի մեջ խրված գյուղատնտեսական մկրատով

23:50   21 հունվարի, 2015

Մեքսիկական Չիուաուա քաղաքի 32-ամյա բնակիչը հայտնվել է կլինիկայում գլխից տնկված գյուղատնտեսական մկրատով եւ հերթապահին հանգիստ հայտարարել, որ իր մոտ «թեթեւ» խնդիր է ծագել:

Ականատեսների խոսքով մեքսիկացին բարում ընկերների հետ նստած է եղել, երբ հանկարծ նրան մի անծանոթ է մոտեցել եւ սկսել վիրավորել: Տղամարդն իրեն բավականին լավ է պահել եւ փորձել է կոնֆլիկտը կատակի վերածել, սակայն հակառակորդը միայն բորբոքվել է: Այդ ժամանակ ոչ մեկին չդիպչած մեքսիկացին անպատվող անծանոթին կոկտեյլ է առաջարկել, որպեսզի վերջինս մի քիչ հանգստանա, սակայն, ինչպես հաղորդում է Mirror-ը, ագրեսիվ տղամարդը գրպանից մկրատ է հանել եւ հարվածել զրուցակցին:

Ընկերներն իրենց քաղաքավարի ընկերոջը հիվանդանոց են հասցրել: Հոսպիտալ ժամանելուն պես վիրավորը հարգալից կերպով բարեւել է հերթապահին, որից հետո կորցրել գիտակցությունը: Բժիշկներն ասել են, որ մկրատը քիչ էր մնում վնասեր մեքսիկացու ուղեղի պարիետալ հատվածը: Նրանց խոսքով, խուլիգանական հարձակման զոհի բախտը բերել է, որ ողջ է մնացել: Հիմա տղամարդն ապաքինվում է: Նրա վրա հարձակված չարագործը ձերբակալվել է:

 



© NEWS.am Medicine