Ավստրալուհին ինքն է կեսարյան հատման ժամանակ իր որովայնից դուրս քաշել զույգ երեխաներին (ֆոտո)

20:18   22 հունվարի, 2015

41-ամյա ավստրալուհի Գերի Վոլֆը վերջերս ծննդաբերել է իր 10-րդ եւ 11-րդ զավակներին՝ երկվորյակներ Մաթիլդային եւ Վիոլետին: Ճանապարհը, որով նա դա կատարել է, հեռու է սովորականից. նա կեսարյան հատման ժամանակ իր որովայնից սեփական ձեռքերով հանել է երեխաներին:

Մինչեւ այդ նա արդեն կեսարյան հատում արել էր, բայց նա սարսափով է հիշում այդ փորձը. նրան վշտացրել է այն, որ վիրահատության ժամանակ բժիշկները կարող են խոսել դատարկաբանությունների մասին, մինչդեռ այդ պահին լույս աշխարհ է գալիս երեխան: Այդ ժամանակ նա որոշել է, որ իր զույգ աղջիկների դեպքում ամեն ինչ այլ կերպ է լինելու:

Գերիի մանկաբարձ-գինեկոլոգը երկար ժամանակ չի համաձայնվել նրա գաղափարի հետ, բայց նա իրենն է պնդել, եւ բժիշկն ստիպված է եղել զիջել՝ նախօրոք ծանոթանալով այդ թեմայով գրականությանը եւ պարզելով, որ այդպիսի մեթոդի դեպքում վարակ անցկացնելու  հավանականությունն  այնքան էլ բարձր չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ:

Դեկտեմբերի 22-ին վիրահատարանի մոտ գտնվող հատուկ լվացարանում լվացվել է ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգը, այլեւ հենց ինքը՝ Գերին: Այնուհետեւ նրան երկու զույգ երկար ձեռնոց են հագցրել, նրան դրել վիրահատական սեղանին եւ էպիդուրալ անզգայացում կատարել:

Նրան պառկեցնելով՝ բժիշկները կնոջ ձեռքերից հանել են ձեռնոցների երկրորդ զույգը եւ արգելել ձեռքերը շարժել եւ դրանք ստերիլ վերմակով ծածկված կրծքից վեր բարձրացնել:

Այնուհետեւ վիրահատությունն սկսվել է՝ շատ սովորական կեսարյան հատում մինչեւ այն պահը, երբ բժիշկն ասել է, որ կարող է երկարել ձեռքերը եւ փորձել հանել երեխաներին: Սկզբում Գերին դուրս է քաշել Մաթիլդային, իսկ մի քանի րոպե անց՝ Վիոլետին:

Գերիի խոսքով, դա զարմանալի պահ էր՝ ասես հենց ինքն է ծննդաբերել երկվորյակներին:

Անսովոր վիրահատությունից հետո նա մի շաբաթ մնացել է հիվանդանոցում, իսկ հետո կարողացել է տուն վերադառնալ՝ մյուս երեխաների մոտ, որոնցից ավագը՝ Միտչելը, արդեն 19 տարեկան է:

 



© NEWS.am Medicine