Գիտնականները վտանգավոր քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են գտել

10:31   23 հունվարի, 2015

Մասաչուսեթսի հիվանդանոցին կից գործող օնկոլոգիական կենտրոնի գիտնականները վտանգավոր ուռուցքի դեմ պայքարի նոր միջոց են բացահայտել: Հայտնի է, որ քրոմոսոմները տելոմերներ՝ յուրահատուկ պաշտպանիչ «կափարիչներ» ունեն, որոնք կանխում են տրոհման ընթացքում գենետիկ տեղեկատվության կորուստը, իսկ բջիջներն ինչքան ծերանում են, այնքան կրճատվում են: Երբ տելոմերները շատ են կարճանում, բջիջն այլեւս չի տրոհվում:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ քաղցկեղածին բջիջները հատուկ մեխանիզմ ունեն, որով տելոմերազ ֆերմենտի հաշվին երկարացնում են տելոմերները: Այդ մեխանիզմը քաղցկեղածին բջիջներին հնարավորություն է ընձեռում բազմանալ, եւ եթե այդ գործողությունն ընդհատվի, հնարավոր կլինի կանգնեցնել ուռուցքի աճը: Դա կարելի է փոքրիկ մոլեկուլի օգնությամբ անել, որն արգելափակում է տելոմերների երկարացման ալյընտրանքային (ALT) ճանապարհի առանցքային քայլերից մեկը եւ խոչընդոտում ուռուցքային բջիջների դրական ALT-ի աճը:

Այս բացահայտումը կօգնի դրական ALT տեսակի քաղցկեղի (որոնց թվում են՝  օստեոսարկոման, գլիոբլաստոման եւ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի որոշ տեսակներ) բուժման այլընտրանքային մեթոդ ստեղծել: Օրինակ VE-821 եւ AZ20 մոլեկուլները զսպել են ATR-ի (սպիտակուց, որը կարգավորում է ԴՆԹ-ի վերականգնումը եւ մեծ դեր խաղում տելոմերների այլընտրանքային երկարացման գործում) ակտիվությունը՝ միանգամայն արդյունավետորեն սպանելով քաղցկեղածին բջիջները: Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող մոլեկուլները միայն քաղցկեղածին բջիջների վրա են ազդում, այլընտրանքային բուժման կողմնակի ազդեցություններից կարելի է չվախենալ:

Տվյալ պահին նոր դեղամիջոցները՝ տելոմերազի ինհիբիտորները կլինիկական փորձարկումների փուլում են գտնվում: Սակայն պետք է հիշեցնել, որ քաղցկեղածին ուռուքների մոտ 10 տոկոսն աճի համար տելոմերիների այլընտրանքային երկարացում  չի օգտագործում, եւ դրանց դեմ այդպիսի բուժումն անարդյունավետ է: Եվ դեռ ընդունված էլ չէ ստուգել՝ արդյոք ուռուցքն իր աճի համար տելոմերների այլընտրանքային երկարացում է օգտագործում:

Ինչպես հետազոտության հեղինակներն են նշում, եթե VE-821 եւ այլ ATR ինհիբիտորները կլինիկորեն արդյունավետ լինեն, հնարավոր է՝ մասնագետներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն ուռուցքների՝ տելոմերների այլընտրանքային երկարացումն օգտագործելու հանգամանքին, իսկ վերջինս էլ քաղցկեղածին ուռուցքների բուժումն էլ ավելի արդյունավետ կդարձնի:



© NEWS.am Medicine