Լիբերիա է ուղարկվել Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

12:43   23 հունվարի, 2015

Էբոլա տենդի դեմ փորձնական պատվաստանյութի առաջին խմբաքանակը Լիբերիա է ուղարկվել, որտեղ հիվանդության բռնկում է գրանցված։ Երկիր է մեկնել 300 չափաբաժին դեղամիջոցով բեռնված ինքնաթիռը։

Խոսքը GlaxoSmithKline դեղագործական ընկերության եւ ԱՄՆ-ի առողջության ազգային ինստիտուտի ամերիկացի եւ բրիտանացի գիտնականների մշակած դեղամիջոցի մասին է։ Նոր պատվաստանյութը 200 կամավորի շրջանում հաջող փորձարկում է անցել, բժիշկներն այն եզրահանգման են եկել, որ դեղամիջոցը վտանգներ չի ներկայացնում։

Այսօր Լիբերիա է ժամանում փորձնական դեղամիջոցի միայն առաջին խմբաքանակը։ Ինչպես սպասվում է, ընդամենը 10 հազար մարդ պետք է ստանա պատվաստանյութը, այդ թվում վիրուսից ամենաշատը տուժած երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում աշխատող բժիշկները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի վիրուսով վարակված մարդկանց թիվը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում 21759 մարդ է կազմել, մահացածներինը՝ 8668։



© NEWS.am Medicine