Զվարճալի դեպք մաշկաբանի պրակտիկայից

15:01   24 հունվարի, 2015

NEWS.am Medicine-ը շարունակում է հայ բժիշկների պրակտիկայից հետաքրքիր եւ զվարճալի դեպքերի շարքը։ NEWS.am Medicine-ի թղթակցին մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը հենց այդպիսի մի դեպք է պատմել։

Մի անգամ նրան մի երիտասարդ կին է զանգահարել եւ խորհրդակցության համար պայմանավորվել։

Նշանակված ժամին դուռը ծեծել են։ Բժիշկը բացել է այն եւ, տեսնելով նույն տարիքի տղամարդու ուղեկցությամբ մի բարետես աղջկա, երկուսին էլ խնդրել է ներս մտնել։ Տղամարդը նստել է դռան կողքին, իսկ աղջիկը՝ բժշկի դիմաց եւ սկսել իր մաշկային խնդրի մասին պատմել. նրա մոտ տարօրինակ ցան էր՝ ըստ նկարագրության՝ քոսի նման։

Բժիշկը խնդրել է նրան ցույց տալ ցանը, եւ աղջիկը, կանգնելով եւ հանելով գրեթե ամբողջ հագուստը՝ ցույց է տվել մաշկի վրայի կարմիր հետքերը։

_Հմմ, Ձեր ամուսնու մոտ է՞լ այդպիսի ցան կա,-բժիշկը շրջվել է դռան կմոտ լուռ նստած տղամարդուն։

-Բայց նա իմ ամուսինը չի,-զարմանքով ուսերն է թոթվել աղջիկը։

_Ներեցեք, իսկ Դուք ո՞վ եք,-ուշադրությամբ տղամարդուն է նայել բժիշկը։

-Վարորդը։ Ես նրան տաքսիով շրջանից եմ բերել։

_Իսկ ինչո՞ւ նրա հետ ներս մտաք։

-Դե, Դուք մեզ կանչեցիք...

Այդ դեպքից հետո բժիշկը պարտադիր ճշտում է, թե հատկապես ով է հիվանդի հետ աշխատասենյակ մտնում։



© NEWS.am Medicine