Հայ բժիշկներն երբեմն իրենց արեւմտյան գործընկերներից ավելի ուշադի՞ր են

17:40   26 հունվարի, 2015

Շատ դեղամիջոցներ կարող են լուրջ վնաս հասցնել հղի կնոջն ու նրա երեխային, հատկապես եթե դրանք ընդունվում են հղիության ամենավաղ փուլերում, երբ պտղի բոլոր օրգաններն են ձեւավորվում: Քանի որ հղիությունը շատ հաճախ չպլանավորված է լինում, շատ կանայք, վտանգավոր դեղամիջոցներ ընդունելով, չեն իմանում, որ վնասում են իրենց եւ ապագա երեխային:

Այս խնդիրը մեր օրերում ամբողջ աշխարհում է ակտուալ. այսօր մենք արդեն գրել ենք, որ կոդեինի եւ մորֆինի հիմքով ցավազրկող միջոցները կարող են պտղի բնածին արատների պատճառ դառնալ: Շատ երկրներում այդպիսի դեղամիջոցներն (ինչպես նաեւ բազմաթիվ այլ դեղամիջոցներ, որոնք պակաս վտանգավոր չեն) ազատորեն նշանակում են վերարտադրողական տարիքի կանանց՝ չմտածելով անգամ, որ նրանք կարող են հղի լինել եւ նույնիսկ չիմանալ դրա մասին:

NEWS.am Medicine-ի խմբագրությունն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Հայաստանում բազմաթիվ բժիշկներ շատ ուշադիր են այս հարցում: Վերարտադրողական տարիքի կնոջը նշանակում կատարելիս՝ նրանք պարտադիր հետաքրքրվում են՝ երբ է նրա դաշտանի օրը, արդյոք կինը սեռական կյանքով է ապրում եւ պաշտպանվում է, թե ոչ: Նույնիսկ  կնոջ հղիության փոքր հավանականության դեպքում ուշադիր բժիշկները խորհուրդ են տալիս պտղի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող դեղամիջոցը հաջորդ դաշտանից հետո միայն խմել (եթե, դա իհարկե կյանքի եւ մահվան խնդիր չէ, եւ դեղամիջոցի ընդունումը կարելի է հետաձգել): Նրանք նաեւ բացատրում են, որ դեղամիջոցն ընդունելու ժամանակահատվածում ցանկալի է պաշտպանվել վտանգավոր դեղամիջոցն ընդունելու ժամանակ անցանկալի հղիությունից խուսափելու համար:

NEWS.am Medicine-ի խմբագրության կարծիքով այդքան ուշադիր բժիշկներն ամենայն գովասանքի են արժանի, եւ կանանց «կարգավիճակով» երբեք չհետաքրքրվող մնացած բժիշկները պետք է նրանցից օրինակ վերցնեն:

Կցանկանայինք նաեւ բոլոր երիտասարդ կանանց կոչ անել ճշտել՝ արդյոք կարելի է հղիության ժամանակ իրենց նշանակված դեղամիջոցներն ընդունել: Չէ՞ որ միշտ էլ փոքր հավանականություն կա, որ Դուք կարող եք հղի լինել:



© NEWS.am Medicine