Մալայզիայում 104 տարեկան հիվանդի են վիրահատել

20:34   26 հունվարի, 2015

Մալայզիացի բժիշկներն ազգային առողջապահության պատմության մեջ առաջին անգամ 100 տարեկանն անց հիվանդին բարդ վիրաբուժական վիրահատություն են կատարել: 104-ամյա Պահանգ Հի Լիենը վիրահատական սեղանին մոտ երկու ժամ է անցկացրել եւ ազդրի ոսկորի մեջ իմպլանտի տեղադրման հաջողված գործընթացից հետո հեռացել հիվանդասենյակից: Նոր ռեկորդ սահմանելու մասին հաղորդել է Star թերթը:

Ըստ լրատվամիջոցի՝ կինը հիվանդանոց է տեղափոխվել ընկնելու հետեւանքով ստացած ազդրի գլխիկի կոտրվածքից հետո, որը տարեց մարդկանց բավականին բնորոշ վնասվածք է:

«Վիճակը բարդանում էր նրանով, որ հիվանդը մոտ տասը տարի առաջ նմանատիպ տրավմա արդեն ստացել էր»,-ասել է կլինիկայի գլխավոր բժիշկ Մարլին Մուհամեդ Սալլահը: Սակայն տուժածին զննելու ժամանակ այդպիսի տարիքում բավականին բարդ վիրահատություն կատարելու համար բացարձակապես ոչ մի հակացուցումներ չեն հայտնաբերվել: Այդ հանգամանքն էլ կանխորոշել է բժիշկների խորհրդակցության ելքը, հաղորդում է «ՏԱՍՍԸ»:

Համոզվելով, որ վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել, եւ ոչ մի բարդություն էլ չի հայտնաբերվել, 104-ամյա կնոջն ապաքինվելու համար առողջարան են տեղափոխել:

 

 



© NEWS.am Medicine