Կանադայում մարդու՝ թռչնագրիպով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել

10:40   27 հունվարի, 2015

Կանադական արեւմտյան նահանգներից մեկի՝ Բրիտանական Կոլումբիայի մի բնակչուհու մոտ H7N9 թռչնագրիպի վիրուսով վարակում է հայտնաբերվել: Հայտնի է, որ կինը հունվարի կեսերին այցելել է Չինաստան: Սա Հյուսիսային Ամերիկայում վարակվելու առաջին դեպքն է, հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Ինչպես հայտնել են Կանադայի առողջապահության նախարարությունում, կնոջ կյանքին ոչինչ չի սպառնում, նրան անգամ չեն հոսպիտալացրել, քանի որ ապացույցներ չկան, որ վիրուսի տվյալ շտամը կարող է մարդուց մարդուն փոխանցվել:

А (H5N1) տեսակի թռչնագրիպը (թռչունների դասական ժանտախտ) բարձր պաթոգեն վիրուսային հիվանդություն է, որը կարող է մարդուն փոխանցվել վարակված կենդանիների հետ շփման դեպքում: Վիրուսն ախտահարում է մարսողական օրգանները, շնչառական ուղիները եւ բարձր մահացության ռիսկ ունի: Առավել վտանգավոր են համարվում վիրուսի հետեւյալ երեք շտամները՝ H5N1, H7N9, H10N8:

H7N9 թռչնագրիպն առաջին անգամ մարդու մոտ ախտորոշվել է Չինաստանում 2013 թ. մարտին: Ներկայումս ՉԺՀ-ում այդ հիվանդությունից մի քանի տասնյակ մարդ է վախճանվել:

Այդ ժամանակից ի վեր ապացույցներ չկան, որ այդ շտամը կարող է մարդուց մարդուն փոխանցվել:



© NEWS.am Medicine