ԱՄՆ-ում երեխան առանց ակնագնդերի է ծնվել

12:56   27 հունվարի, 2015

Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում երեք ամիս առաջ երեխա է ծնվել, եւ նրա երջանիկ մայրը՝ Քելլի Լոպեսը (Kelly Lopez), չէր էլ կարող պատկերացնել, որ փոքրիկը երբեք չի կարողանա իրեն նայել: Կյանքի տասներեքերորդ օրում բժիշկները տղային մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա են կատարել, եւ փոքրիկի ընտանիքը շոկի մեջ է ընկել: Պարզվել է՝ նրա փակ կոպերի տակ աչքի խնձորակներ չկան:

Տղան տեսողական նյարդ ունի, իսկ դա հույս է ներշնչում, որ նա երբեւիցե կկարողանա տեսնել: Բժիշկները տղայի ակնախոռոչներում ընդլայնիչներ են տեղադրել, որպեսզի դրանք աճեն, քանի որ հետագայում հնարավոր է՝ նրանք ստիպված լինեն պրոթեզ դնել:

 «Մենք շոկի մեջ էինք: Առաջին միտքն այն էր, թե ինչպես այդպիսի բան կարող էր պատահել»,-ասում է Լոպեսը: Կինը պատմել է, որ հղիության ընթացքում ամեն ինչ կարգին է եղել: Ընտանիքը երեխային գրանցել է կույր երեխաների համար ծրագրերում եւ նրա համար արեւից պաշտպանող ակնոց գնել:

Հազվադեպ բնածին արատի ախտորոշումը անոֆտալմիա է: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հիվանդությունը նկարագրում է որպես աչքերի հյուսվածքների կամ աչքի խնձորակի ամբողջական բացակայություն:

«Ես հույս ունեմ, որ մի հրաշալի օր բժիշկները կկարողանան կա´մ աչքեր աճեցնել, կա´մ էլ փոխպատվաստել դրանք»,-ասել է Լոպեսը:



© NEWS.am Medicine