Կին բժիշկներն ու բուժքույրերը պատերազմում. հիշում են պատերազմի մասնակիցները

19:39   28 հունվարի, 2015

Ցանկացած բանակում մեծ դեր են խաղում ոչ միայն զինվորներն ու բժիշկները, այլեւ միջին բժշկական անձնակազմը, որի մեծամասնությունը կանայք են: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը, բանակում ֆելդշերների ու բուժքույրերի  դերը չի կարելի թերագնահատել, քանի որ նրանք, ինչպես բժիշկները, բազմաթիվ կյանքեր են փրկում թե´ ռազմի դաշտում, թե´ թիկունքում:

Նրա խոսքով, Ղարաբաղի պատերազմին մասնակցել են  ոչ միայն բժշկական կրթությամբ կանայք, այլեւ զինվորների քույրերը, մայրերը եւ կանայք, եւ նրանք բոլորն էլ անգնահատելի օգնություն են ցուցաբերել:  Ամեն օր  բազմաթիվ մահացած եւ վիրավոր տղաների էին բերում զինվորական հոսպիտալ, բժիշկների աշխատանքը շատ էր, եւ բոլորն էլ ստիպված էին շատ աշխատել:

«Եղել են իրավիճակներ, երբ տղամարդկանց ուժերն սպառվում էին, նրանք թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես էին հոգնում, բայց կանայք,  անփոփոխ խանդավառությամբ շարունակելով իրենց աշխատանքը, մեզ համար օրինակ էին ծառայում»,-պատմել է Տարոն Տոնոյանը:

«Արթմեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նույնպես հիշել է, թե ինչպես է պատերազմի տարիներին աշխատել բազմաթիվ կին բժիշկների եւ բուժքույրերի հետ:

 «Նրանք հրաշալի մարդիկ եւ հրաշալի մայրեր էին: Կին բժիշկները նույնիսկ ավելի հոգատար եւ ուշադիր էին, քան տղամարդիկ»,- նշել է նա:

 



© NEWS.am Medicine