Գանգուղեղային վնասվածքները կրճատում են կյանքը

11:41   29 հունվարի, 2015

Գիտնականները պարզել են գանգուղեղային վնասվածքների ազդեցությունը կյանքի տեւողության վրա: Մասնագետներն ուսումնասիրել են XII–XVII դարերում Դանիայում բնակված տղամարդկանց աճյունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով բուժված գանգուղեղային տրավմաների  հետքերով կմախքներին:

Նրանք պարզել են, որ նման վնասվածքներ ունեցող մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը 6,2 անգամ բարձր է եղել, քան ամբողջական գանգ ունեցող դանիացիների մոտ:

Մասնագետները պարզել են, որ միջնադարյան Դանիայում արական սեռի բնակչության մոտ 8,9%-ը բավականին երիտասարդ տարիքում գանգուղեղային վնասվածքներ է ստացել: Նախկինում գիտնականներն այդպիսի վնասվածքների երկարաժամկետ հետեւանքների ուսումնասիրությամբ չեն զբաղվել, իսկ հիմա պարզվել է, որ նույնիսկ բուժված վնասվածքները մեծ հավանականությամբ կարող էին ազդել մարդու հետագա կյանքի վրա:

Ներկա ժամանակներում գանգուղեղային վնասվածքների հետեւանքներից մահացության հավանականությունը երկու անգամ նվազել է: Մասնագետների ստացած արդյունքների վերաբերյալ զեկույցը կարելի է PNAS ամսագրում ընթերցել:

Գանգուղեղային վնասվածքը բոլոր տեսակի մեխանիկական վնասվածքներից ամենատարածվածն է: Վնասվածքը հեշտ է ավտովթարների կամ ընկնելու արդյունքում ձեռք բերել: Շատերի համար այն հղի է հաշմանդամության, ուղեղի գործունեության խնդիրների, հիպոֆիզի միկրո եւ մակրո ադենոմաների ձեւավորման, մյուսների համար՝ ուռուցքների վտանգներով: Միջնադարում գանգուղեղային վնասվածքների հետեւանքները խելագարության դրսեւորումներ են համարվել:



© NEWS.am Medicine