Ֆիտնեսը եւ սիրտը. սրտաբանի խորհուրդները

17:32   29 հունվարի, 2015

Սպորտով զբաղվելը վերջին ժամանակներում ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, ավելի ու ավելի լայն տարածում է գտնում, եւ դա, սրտաբան Մարինե Օրդյանի կարծիքով շատ լավ միտում է: Սակայն սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է իմանան՝ որ վարժությունները կարող են իրենք կատարել, իսկ որոնք՝ ոչ:

Մասնավորապես, սրտային հիվանդներին չի կարելի ուժային վարժություններ կատարել, օրինակ՝ ծանրաձող կամ ծանր գանտելներ բարձրացնել. դա կարող է անցանկալի խնդիրներ եւ բարդություններ առաջացնել: Իսկ ահա աերոբային վարժությունները նրանց չեն արգելվում, բայց պարապելիս նրանք պետք է հիշեն, որ պուլսի հաճախականությունը չպիտի գերազանցի «հիվանդի մինուս 220 տարիքը»: Այսինքն, եթե հիվանդը 20 տարեկան է, պուլսը պետք է րոպեում 200 զարկը չգերազանցի, իսկ եթե նա, ասենք 60 տարեկան է, պուլսը րոպեում չպիտի գերազանցի 160 զարկը:

Բացի դրանից, նորմալ պուլսը պետք է վերականգնվի վարժությունն ավարտելուց 5-6 րոպե անց: Եթե վերականգնվելու համար հիվանդին ավելի շատ ժամանակ է հարկավոր, նա պետք է նվազեցնի ծանրաբեռնվածությունը:

Այստեղ պետք է նաեւ նշել, որ ցանկացած հիվանդության առկայության դեպքում ցանկալի է սկզբից բժշկի հետ խորհրդակցել եւ հետո միայն սկսել ցանկացած տեսակի սպորտով զբաղվել:

Ինչ վերաբերում է տարիներ առաջ տարածված առավոտյան վազքին, սրտաբանի կարծիքով այն կարող է շատ վնասակար լինել ոչ միայն սրտային հիվանդների, այլեւ լիովին առողջ մարդկանց համար: Պարզվում է՝ առավոտյան վազող մարդկանց հանկարծակի մահվան դեպքերն ավելի հաճախ են գրանցվում, քան այլ մարդկանց մոտ: Բանն այն է, որ վաղ առավոտյան մարդու օրգանիզմն ու սիրտը դեռ պատրաստ չեն այդպիսի ծանրաբեռնվածությանը. օրգանիզմին ժամանակ է հարկավոր «արթնանալու» համար:

Մարինե Օրդյանի կարծիքով վազքի համար լավագույն ժամանակն օրվա ժամը 11-13-ն է:

Նրա խոսքով, երեկոյան նույնպես ցանկալի չէ վազել, քանի որ այդքան ինտենսիվ մարզումից հետո դժվար կլինի քնել: Վազքի փոխարեն ավելի նախընտրելի է աշխույժ քայլքը, որը նույնպես օրգանիզմի համար անհրաժեշտ ծանրաբեռնվածությունն է ստեղծում եւ, միեւնույն ժամանակ, հետո չի խանգարում քնել:



© NEWS.am Medicine