Թանկարժեք պլացեբոն էժանից ավելի արդյունավե՞տ է

22:37   30 հունվարի, 2015

Սովորական ֆիզիոլոգիական լուծույթը կարելի է Պարկինսոնի հիվանդության համար բավականին արդյունավետ դեղամիջոցի վերածել: Դրա համար պարզապես անհրաժեշտ է հիվանդին դեղամիջոցի գինն ասել՝ չափաբաժինը 100 դոլար: Ավելին, «դեղամիջոցն» էլ ավելի արդյունավետ է դարձել, եթե հիվանդներին ասել են, որ այն 1500 եւ ավելի դոլար արժե: Այսպիսի հետաքրքիր եզրահանգման են եկել Neurology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները՝ ամերիկացի բժիշկները:

Սովորաբար կլինիկական փորձարկումների ժամանակ պլացեբոն (առանց ակնհայտ դեղաբանական հատկությունների նյութ, որի բուժող արդյունավետությունը կապված է դրա արդյունավետության հանդեպ հիվանդի հավատի հետ) համեմատվում է իսկական դեղամիջոցի հետ, սակայն Ցինցինատիի համալսարանի հետազոտողները Պարկինսոն հիվանդությունն ունեցող իրենց հիվանդներին երկու պլացեբո են տվել, որոնք միայն իրենց երեւակայական գներով են տարբերվել:

Փորձարկման 12 մասնակիցներին հայտնել են, որ նրանց նոր դեղամիջոցի երկու տարբերակ կտան, որոնք նույն արդյունավետությունն ունեն, բայց գնի առումով 15 անգամ տարբերվում են արտադրման տեխնոլոգիաների տարբերության պատճառով:

Երկու տեսակի պլացեբոներն էլ բարելավել են հիվանդների շարժողական գործառույթները, սակայն ավելի թանկարժեք «դեղամիջոց» ստացած մարդկանց մոտ բարելավման մակարդակը մոտավորապես 10 տոկոսով ավելի բարձր է եղել:

Բացի դրանից, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականները գնահատել են հիվանդների ուղեղի ակտիվությունը եւ պարզել, որ «էժան» պլացեբոն ավելի ակտիվ գործունեության է հանգեցրել: Գիտնականները ենթադրել են, որ, հավանաբար՝ էժան դեղամիջոցից հիվանդները փոքր արդյունք են ակնկալել, որի արդյունքում նրանց ուղեղն ավելի շատ է աշխատել:

Հետազոտության հեղինակները նշում են, որ պլացեբոյի ազդեցությունը կարող է մեծ օգուտ տալ բժշկությանը. եթե պլացեբոն կարող է բարելավել հիվանդների վիճակը, բժիշկները թանկարժեք եւ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեցող «իսկական» դեղամիջոցներ քիչ կնշանակեն:



© NEWS.am Medicine