Կեգելի վարժությունն օգնում է կարգավորել էյակուլացիա՞ն

23:49   31 հունվարի, 2015

Միզելու ընթացքում հինգ վայրկյանով մեզի շիթն ընդհատելը (Կեգելի վարժություն) ամրացնում է ցայլքա-պոչուկային մկանը, բարձրացնում է ամբողջ կոնքային հատվածի տոնուսը, եւ տղամարդկանց սեռական կյանքի վրա դրական ազդեցություն թողնում՝ թույլ տալով ավելի հեշտ վերահսկել սերմնաժայթքումը: Այս մասին հայտնում է ամերիկացի մասնագետ Մարնի Կինրիսը:

Նրա խոսքով, սերմնաժայթքումը եւ միզապարկի ֆունկցիաները ղեկավարող ցայլքա-պոչուկային մկանը  տարիներին զուգընթաց թուլանում են թե´ տղամարդկանց, թե´ կանանց մոտ: Եվ այդ մկանի մարզումը շատ օգտակար է, քանի որ այն օգնում է ամրացնել այն եւ հաղթահարել եւ´ անմիզապահությունը, եւ´ վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը:

«Կեգելի վարժությունները կարելի է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում անել՝ ավտոմեքենայում, աշխատավայրում կամ բժշկի ընդունարանում»,-ասել է Կինրիսը՝ ավելացնելով, որ օրվա ընթացքում ցանկալի է վարժությունը 50 անգամ կատարել՝ ամեն անգամի ընթացքում մկանը սեղմելով 3-5  վայրկյանով: Իհարկե, կարելի է սկսել 1-20 կրկնողությամբ, իսկ հետո վարժությունները հասցնել մինչեւ 50-ը: Հետո արդեն կարելի է մտածել մկանները ոչ թե 3-5 վայրկյանով, այլ ավելի երկար ժամանակով սեղմելու մասին:

Սեռական բժշկության միջազգային հասարակության տվյալներով տղամարդկանց 40 տոկոսը կյանքի որեւէ ժամանակահատվածում այսպես թե այնպես վաղաժամ սերմնաժայթքման խնդիր է ունենում: Նրանցից շատերը պարզապես չեն կարողանում վերահսկել իրենց էյակուլացիան, պնդում է Bristol Royal Infirmar կլինիկայի ուռոլոգիական բաժնի աշխատակից Վենդի Հորնը:

Կեգելի վարժությունները 12 շաբաթվա ընթացքում կանոնավոր կատարելը կարող է այդ տղամարդկանց օգնել, կարծում են փորձագետները:

 

 



© NEWS.am Medicine