Հայաստանում 2014 թվականին 43 340 երեխա է ծնվել

17:59   13 փետրվարի, 2015

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին արձանագրվել է 43 340 ծնունդ, որոնցից 22 506-ը` Երեւանում: Ինչպես Հայաստանի Առողջապահության նախարարությունն է հայտնում, այս ցուցանիշը գերազանցել է 2013 թվականի ցուցանիշը 1434 ծնունդով:

Մայրաքաղաքում 2015 թվականի փետրվարի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 714 փոքրիկ:

Նախորդ տարի ծնված երեխաների սեռերի համամասնությունը դեռ չի հաշվարկվել, սակայն շատ մասնագետներ պնդում են, որ սելեկտիվ աբորտների խնդիրը Հայաստանում դեռ շարունակում է արդիական մնալ, եւ տղա երեխաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ: Եթե ըստ նորմայի 100 աղջկա դիմաց 102-106 տղա պետք է ծնվի, ապա մեզ մոտ տղաների թիվը 100 աղջկա դիմաց մոտ 112-114 է:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանում նախորդ տարի նույնպես ծնելիության աճ է գրանցվել, այն էլ, ինչպես ռուս պաշտոնյաներն են նշում, աննախադեպ աճ. 2014 թվականին Ռուսաստանում 1 միլիոն 947 հազար երեխա է ծնվել: Երկրի նորագույն պատմության մեջ նման թիվ առաջին անգամ է գրանցվում, չնայած որ վերջին երեք տարիների ընթացքում երկրում միջինը մոտ 1.9 միլիոն երեխա էր ծնվում:



© NEWS.am Medicine