Հայտնի գրողը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել, մինչեւ վերջին պահը վայելելու է կյանքը

16:01   20 փետրվարի, 2015

Հայտնի գրող եւ նեյրոհոգեբան Օլիվեր Սաքսի մոտ տերմինալ փուլի քաղկցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է ինքը գրողը New York Times-ում հրապարակված իր հոդվածում.

«Մեկ ամիս առաջ ես մտածում էի, որ լավ, նույնիսկ ամուր առողջություն ունեմ: Ես 81 տարեկան եմ, եւ այս տարիքիս ամեն օր մեկ մղոն եմ լողալով հաղթահարում: Բայց բախտն ինձնից երես է թեքել: Մի քանի շաբաթ առաջ ես տեղեկացա լյարդիս մեջ բազմաթիվ մետաստազների մասին: 9 տարի առաջ ախտորոշվել էի  հազվադեպ տեսակի քաղցկեղով՝ աչքի մելանոմայով: Ճառագայթային թերապիայի եւ լազերի միջոցով քաղցկեղը հեռացրեցին, եւ այդ աչքս կուրացավ: Շատ հազվադեպ են նման քաղցկեղները մետաստազներ տալիս, բայց ես հայտնվեցի հիվանդների այդ 2 տոկոսի մեջ», - գրել է նա:

Սաքսը նաեւ գրել է, որ «կանգնած է մահին դեմ հանդիման» (քաղցկեղը զբաղեցնում է նրա լյարդի մեկ երրորդը եւ լավագույնս հնարավոր է հաջողվի զսպել դրա աճը, ոչ ավել) եւ պատրաստվում է մինչեւ վերջին պահը վայելել կյանքը: Գրողը հայտարարել է, որ էլ չի պատրաստվում դիտել երեկոյան թոք-շոուները, մտածել քաղաքականության եւ կլիմայի փոփոխությունների մասին.

Օլիվեր Վոլֆ Սաքսը (Oliver Wolf Sacks) բրիտանական ծագման ամերիկացի նյարդաբան եւ նեյրոհոգեբան է, իր հիվանդների կլինիկական պատմություններն արտացոլող մի շարք գրքերի հեղինակ է: Առավել ճանաչված նրա գրքերից են «Մարդը, որը շփոթեց կնոջը գլխարկի հետ», «Արթնացում», որի էկրանավորումը նույնիսկ «Օսկարի» հավակնորդների շարքում էր 1990 թվականին:

 



© NEWS.am Medicine