Տղամարդիկ կանանցից երեք անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում

22:28   21 փետրվարի, 2015

Տղամարդիկ կանանցից երեք անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչության նոր տվյալները:

Վարչության մասնագետների խոսքով՝ վերջին տասնամյակի ընթացքում կյանքին հրաժեշտ տալու որոշում ընդունած տղամարդկանց քանակը նկատելիորեն աճել է: Ընդ որում՝ ավելի հակված են ինքնասպանության 45-59 տարեկան տղամարդիկ:

Փորձագետների խոսքով՝ այս միտումը կապված է այն բանի հետ, որ տղամարդիկ ավելի են հակված հարբեցողությանը եւ ինքնավնասմանը: Իսկ ինքնասպանների տարիքը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ տղամարդիկ, աշխատանք չգտնելով, այլ ելք չեն տեսնում ստեղծված իրավիճակից: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում 2013 թվականին ընդհանուր առմամբ 15 տարեկանից բարձր մարդկանց  622 ինքնասպանություն է արձանագրվել: Դա 252 դեպքով (4 տոկոս) ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ինքնասպանների 78 տոկոսը տղամարդիկ էին (4858 մահ), 22 տոկոսը՝ (1375 մահ) կանայք:

Մասնագետները կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել ինքնասպանությունների կանխարգելմանը, հատկապես ռիսկային գոտում գտնվող մարդկանց ոլորտում:



© NEWS.am Medicine