Կրծքով կերակրելը պաշտպանում է երեխաներին ալերգիայից

22:50   24 փետրվարի, 2015

Կրծքով կերակրելը դրական է ազդում երեխայի իմունիտետի, ալերգիայի եւ ասթմայի հանդեպ զգայունության վրա: Երեխայի համար այն կարող է անել շատ ավելին, քան հիգիենայի հիվանդագին պահպանումը: Այս երեւույթը կապված է աղեստամոքսային համակարգի աշխատանքի հետ, պարզել են Հենրի Ֆորդի հոսպիտալի աշխատակիցները, որոնց հետազոտությունը հանրության ուշադրությանն էր ներկայացվել ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի ամերիկյան Ակադեմիայի ամենամյա նիստին: 

Գիտնականները վեց անկախ հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար կրծքով կերակրելու ազդեցությունը աղեստամոքսային համակարգի միկրոֆլորայի եւ ալերգիայի նկատմամբ զգայունության վրա: Կրծքով կերակրելու ժամանակ մայրը երեխային է փոխանցում իր յուրահատուկ միկրոբիոմը՝ սիմբիոտիկ բակտերիաների կոմպլեքս, որն առկա է աղեստամոքսային համակարգում: Գիտնականները հետազոտել են մեկից մինչեւ վեց ամսական երեխաների կղանքի նմուշները (այնտեղ պարունակվում են նույն բակտերիաները, որոնք առկա են միկրոբիոմում): Հետազոտության են ենթարկվել նաեւ երեխաների արյան նմուշները՝ T-լիմֆոցիտներ հայտնաբերելու նպատակով: Նշենք, որ այդ լիմֆոցիտները պատասխանատու են իմունային համակարգի ճիշտ զարգացման համար: 

Պարզվեց, որ նույնիսկ մեկ ամսեկան երեխայի մոտ, որին կրծքով են կերակրում, ի հայտ է գալիս արտահայտված միկրոբիոմը, որը պաշտպանում է փոքրիկի օրգանիզմը կենդանիների հանդեպ ալերգիայից: Հետազոտողները պարզել են նաեւ, որ միկրոբիոմի բաղադրությունը կախված է կրծքով կերակրելու ժամկետից, ռասայից, լույս աշխարհ գալու հանգամանքներից, երեխայի վրա ծխախոտի ծխի ազդեցությունից, տանը կենդանիների՝ շան կամ կատվի առկայությունից, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններից:

Պարզվեց, որ շրջակա բակտերիաների հաճախակի ազդեցության ենթարկվող երեխաները (հատկապես այն երեխաները, ովքեր մայրական կաթի միջոցով միկրոբիոմային բակտերիաներ են ստացել) ավելի կայուն են ալերգիայի եւ ասթմայի նկատմամբ:

Կրծքով կերակրելու դրական կողմերը զգալիորեն գերազանցում են այդ պրոցեսի բացասական կողմերը, որոնք հիմնականում կապված են կերակրող կնոջը պատճառվող անհարմարությունների հետ: Գիտնականները պնդում են, որ եթե ամերիկացի մայրերի 90 տոկոսը կրծքով կերակրի իրենց երեխաներին գոնե մինչեւ վեց ամսական տարիքը, դա կօգնի տարեկան մոտ 1000-ով ավելի քիչ մանկական մահ արձանագրել:



© NEWS.am Medicine