Գիտնականներ՝ ծխելը ոչ թե օգնում է հաղթահարել սթրեսը, այլ սթրես է առաջացնում

13:08   25 փետրվարի, 2015

Ծխողները 70 տոկոսով ավելի շատ են տառապում դեպրեսիայով եւ տագնապով, քան նախկին ծխողները եւ այն մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել, պնդում են Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները:

Գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ վնասակար այս սովորույթից հրաժարվելը կարող է օգնել հաղթահարել տագնապի զգացումը եւ բարելավել հոգեկան առողջության ցուցանիշները:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 40 տարեկանից բարձր 6500 մարդկանց տվյալները, հայտնում է Yahoo! News-ը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ծխողների 18,3 տոկոսը տառապում է դեպրեսիայով եւ տագնապի զգացումով, այնինչ չծխողների դեպքում այդ թիվը կազմում է 10 տոկոս, իսկ նախկինում ծխողների մոտ՝ 11.3 տոկոս:

Գիտնականների այս վերլուծությունը փաստացի հերքում է տարածված այն կարծիքը, որ ծխելը կարող է օգնել հաղթահարել սթրեսն ու տագնապը: Ծխելու ընթացքում սթրեսի թուլացման զգացումը ժամանակավոր բնույթ է կրում:

«Ծխելուց հրաժարվելը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան առողջության բարելավման բանալին է», - նշում է հետազոտության հեղինակներից Ռոբերտ Ուեսթը (Robert West):



© NEWS.am Medicine