ԱՄՆ-ում նոր վիրուսը մարդ է սպանել

22:37   25 փետրվարի, 2015

2014 թվականին մահացած ամերիկացու արյան մեջ նոր մահացու վիրուս է հայտնաբերվել: Նոր վիրուսը ստացել է Բուրբոնյան անվանումը, քանի որ հիվանդը Քանզասի Բուրբոն շրջանից էր: Վիրուսը հայտնաբերվել է հիվանդի մոտ նրա մահից երկու օր առաջ: Առայժմ սա հիվանդության միակ ախտորոշված դեպքն է:

2014 թվականի գարնան վերջին Քանզասի Բուրբոն շրջանի 50-ամյա բնակչին իր ֆերմայում աշխատելու ընթացքում խայթել են շնաճանճերը: Հաջորդ օրն իսկ հիվանդը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով տենդից, մաշկային ցանից, գերհոգնածությունից, գլխացավից եւ փսխումից: Շնաճանճերի հետ չարաբաստիկ հանդիպումից 11 եւ հոսպիտալացումից 10 օր անց տղամարդը մահացել է:

Հիվանդի արյան նմուշներում հայտնաբերված վիրուսն իդենտիֆիկացվել է ավելի ուշ: Մի քանի ամիս անց գենոմը մանրազնին ուսումնասիրվել է Էյրին Սթեփլսի թիմի կենսաբանների կողմից, որոնք պարզել են, որ նախկինում գիտությունն այս վիրուսի հետ երբեւէ չի հանդիպել:

Բուրբոնյան վիրուսը դասվել էր օրթոմիքսովիրուսների շարքին, որը ենթադրում է վեց ենթատեսակ՝ ներառյալ գրիպի երեք տարբերակ:

Նորեկը, սակայն, դասվում է առանձին, հազվադեպ հանդիպող Thogotovirus տեսակին: Տեսակն իդենտիֆիկացնող հատկանիշն առանձնացվել է շնաճանճերի միջոցով:

Հարկ է նշել, որ «հասարակ» տոգոտովիրուսները հանգեցնում են նյարդային հյուսվածքների բորբոքմանը, վիրուսային էնցեֆալիտներին ու մենինգիտներին, սակայն որեւէ կերպ չեն ախտահարում արյունը: Ի տարբերություն դրանց՝ Բուրբոնյան վիրուսը զարգանում է իմունային համակարգի բջիջների վրա եւ քայքայում է արյան սպիտակ բջիջները: Վիրուսի վերջին այս հատկությունը դեռ պետք է հանգամանալից ուսումնասիրման առարկա դառնա:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կայքում (CDC) նոր վտանգավոր վիրուսին նվիրված «պաշտոնական էջ» է բացվել:



© NEWS.am Medicine