Պայթուցիկը կարող է բուժել գիրացումն ու դիաբետը

12:55   28 փետրվարի, 2015

Առաջին աշխարհամարտի ընթացքում օգտագործվող պայթուցիկը՝ դինիտրոֆենոլը,  դիաբետի բուժման արդյունավետ միջոց է, կարծում են Յելի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները:

20-րդ դարի սկզբում Ֆրանսիայում ֆինիտրոֆենոլը մասսայական կիրառում է ստացել զենքի արտադրության բնագավառում: Պայթուցիկ ստանալու համար այն համակցում էին այլ նյութերի հետ: Սակայն այս քիմիկատի հետ աշխատող մարդիկ սկսում էին ինտենսիվ քրտնել, նիհարում էին եւ ջերմում: Զինամթերքի արտադրությունում աշխատող բանվորները, որոնք ենթարկվում էին դինիտրոֆենոլի (DNP), ազդեցության, շատ արագ քաշ էին կորցնում:

Գիտնականները ենթադրել են, որ քիմիական այս նյութը կարող է օգտագործվել գիրացման դեմ պայքարելու համար: Սթենֆորդի համալսարանի մասնագետները այն ժամանակ պարզել էին, որ DNP-ն արագացնում է մետաբոլիզմը 50 տոկոսով՝ նպաստելով ճարպի եւ ածխաջրերի մեծ քանակի օգտագործմանը: Այս բացահայտումից հետո շուկայում DNP պարունակող քսանից ավելի հաբեր հայտնվեցին:

Սակայն 1930-ականներին «հրաշք հաբերը» վնասակար ճանաչվեցին այն բանից հետո, երբ մի տղամարդ մահացավ դրանց չարաշահումից: Այժմ Յելի համալսարանի մասնագետները բացահայտեցին, որ քիմիական միացության այս յուրահատուկ տեսակը հ 100 անգամ պակաս վնասակար է, քան դրան նախորդող չափաբաժինները: Վերջին այս հանգամանքը թույլ է տալիս օգտագործել նյութը երկրորդ տիպի դիաբետի բուժման համար: Մինչ այժմ անցկացված գիտափորձերը, սակայն ներառել են միայն մկներին:

Այժմ երկրորդ տիպի դիաբետի բուժման համար ոչ մի արդյունավետ դեղամիջոց չկա: Գիտնականները հույս են հայտնում, որ մոտ ապագայում DNP-ն կօգտագործվի մետաբոլիզմը արագացնելու համար: Ամենօրյա փոքր չափաբաժինները բավական են ինսուլինի նկատմամբ բջիջների զգայունությունը բարձրացնելու համար:



© NEWS.am Medicine