Գիտնականները ռոբոտ կատու են ստեղծել տկարամտությամբ տառապող հիվանդներին օգնելու համար

16:22   28 փետրվարի, 2015

Շվեդ գիտնականները JustoCat հատուկ ռոբոտ կատու են ստեղծել, որը տկարամտությամբ տառապող մարդկանց կյանքը ավելի հարմարավետ եւ ուրախ կդարձնի:

Այս կատուն մլավում է իսկական կատվի պես, սակայն ոչ մի տհաճություն չի պատճառում: Այս կատվի հետ մարդիկ զերծ կմնան մազաթափությունից, այն չի կեղտոտում բնակարանը, չի գարշահոտում, իսկ  մորթին նույնիսկ կարելի է լվանալ լվացքի մեքենայում:

JustoCat կատուն փափուկ խաղալիք է հիշեցնում, սակայն, մասնագետները պնդում են, որ այն ավելի շատ բժշկական սարքավորում է, որը կարող է հանգստացնել տկարամտությամբ տառապող մարդուն կամ շեղել նրա ուշադրությունը: Կատուն ստիպում է շփվել, թույլ է տալիս հիվանդներին հիշել իրենց կատուներին եւ շեղում է հիվանդների ուշադրությունը կրկնվող վարքագծով: Ռոբոտացված այս կատուն մոտավորապես նույն քաշն ու չափսերն ունի, ինչ սովորական կատուն: Ռոբոտն իսկական կատու է հիշեցնում նաև այն բանի շնորհիվ, որ մլավում է եւ շնչում:

Մասնագետների կարծիքով՝ JustoCat-ը տկարամտության բուժման հավելյալ միջոց է եւ կարող է շատ արդյունավետ լինել դեմենցիայով տառապող մարդկանց խնամքի կազմակերպման գործում:

Այս ռոբոտը Մելարդալեն շվեդական համալսարանի եւ Robotdalen-ի ռոբոտատեխնիկայի մասնագետների համագործակցության արդյունքն է: Ռոբոտն արժե 1500 դոլար: Մասնագետների խոսքով՝ այժմ JustoCat-ը լավ է վաճառվում Եվրոպայում եւ այն իսկապես օգնում է դեմենցիայով տառապող մարդկանց: Համենայնդեպս, հետազոտություններն այս մասին են վկայում:



© NEWS.am Medicine