Ինչպե՞ս շփվել գրիպով հիվանդի հետ

18:59   28 փետրվարի, 2015

Ինչպես շփվել ՍՇ վարակով կամ գրիպով հիվանդ մարդու հետ։ Կանխարգելիչ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել։ Այս մասին մենք զրուցեցինք ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ:

Դիմակ կրեք

Հիվանդի հետ շփվելիս ցանկալի է դիմակ հագնել եւ հիշել, որ գրիպը վարակիչ է։ Դիմակը պետք է լինի մեկանգամյա օգտագործման, այն պետք է փոխել 4 ժամը մեկ։

Նաեւ ցանկալի է 1-2 մետր տարածություն պահպանել հիվանդից։

Հիվանդին հյուր մի գնացեք

Հայաստանում, երբ ինչ-որ մեկը հիվանդանում է, նրա ծանոթներն ու բարեկամները անպայման գալիս են նրա մոտ՝ «հիվանդատես»։ Սա տեղի է ունենում նաեւ այն դեպքում, երբ մարդը գրիպով է հիվանդ։ Այս երեւույթը, Արտավազդ Վանյանի խոսքով, նպաստում է հիվանդության տարածմանը։ Այդ պատճառով այցելել հիվանդին պետք չէ։ 

Բացի այդ՝ ցանկալի չէ, որ ընտանիքի բոլոր անդամները խնամեն հիվանդին։ Ինչքան քիչ նա շփվի առողջ իր բարեկամների հետ, այդքան լավ։

Լվացեք ձեռքերը

Հիվանդի հետ շփվելուց հետո պետք է լվանալ ձեռքերը հոսող ջրի տակ՝ հիշելով, որ գրիպը կարող է փոխանցվել նաեւ կեղտոտ ձեռքերի միջոցով։

Օդափոխեք սենյակը

Հիվանդի սենյակը պետք է ժամանակ առ ժամանակ օդափոխել։ Իսկ պատերի մակերեսը մաքրել հատուկ հեղուկով։

Մնացեք տանը

Բացի վերոնշյալ ամեն ինչից՝ անչափ կարեւոր է, որ հիվանդը տանը մնա։

«Դպրոց կամ աշխատանքի գնալիս հիշեք, որ վտանգի եք ենթարկում ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների առողջությունը», - նշում է մասնագետը։

Դիմեք բժշկի

Այս ամենի հետ մեկտեղ տանը բուժվել կամ ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի։ Մասնագետի պնդմամբ՝ ամեն դեպքում պետք է դիմել բժշկի։ Տեղամասային թերապեւտը կարող է ճիշտ բուժում նշանակել, եւ հիվանդը շատ ավելի արագ կապաքինվի։ Այս դեպքում նաեւ բացառված է սեփական առողջությանն առանց բժշկի խորհրդատվության նշանակված դեղերով վնաս հասցնելը։



© NEWS.am Medicine