3 խորհուրդ հղիներին

22:59   2 մարտի, 2015

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսադան Վարդանյանից.

1. Տրամադրվեք, որ կերակրելու եք կրծքով

Կրծքով կերակրելը բնական գործընթաց է, որը ոչ միայն ապահովում է փոքրիկին անհրաժեշտ բոլոր սնուցող նյութերով եւ հակամարմիններով, որոնք ամրապնդում են իմունիտետը, այլ նաեւ հոգեբանական կապ է ստեղծում մոր եւ մանկան միջեւ:

Հենց այդ պատճառով, գինեկոլոգի խոսքով,  բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում փոքրիկներին միայն կրծքով կերակրել: Իսկ ապագա մայրերին խորհուրդ է տրվում տրամադրվել կրծքով կերակրելուն եւ կարդալ դրա մասին:

«Իհարկե, ամենասկզբում կրծքով կերակրելու հետ կապված որոշ խնդիրներ կարող են լինել, բայց այս բոլոր խնդիրները լուծելի են: Կարեւորն այն է, որ մայրիկը տրամադրված լինի կրծքով կերակրելուն», - նշում է մասնագետը:

2. Առողջ ապրելակերպ վարեք

Գինեկոլոգը նաեւ խորհուրդ է տալիս կանանց հետեւել իրենց սննդակարգին եւ առողջ ապրել՝ հիշելով, որ մոտակա 9 ամիսների ընթացքում եւ նույնիսկ դրանից հետո կինը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաեւ երեխայի առողջության համար:

Ռուսուդան Վարդանյանը խորհուրդ է տալիս չծխել եւ ալկոհոլ չօգտագործել եւ, իհարկե, հետեւել բժշկի խորհրդներին:

3. Գրանցվեք կանանց կոնսուլտացիայում հղիության 11-րդ շաբաթում

Եթե կինն առողջ է եւ չի ընդգրկվում ռիսկի խմբում, կանանց կոնսուլտացիայում պետք է գրանցվել հղիության 11-րդ շաբաթում: Հենց այս ժամանակ է խորհուրդ տրվում առաջին անգամ ՈւՁՀ անցնել, որը կարող է ժամանակին ախտորոշել պտղի զարգացման խնդիրները (11-րդ կամ 12-րդ շաբաթում արդեն կարելի է Դաունի սինդրոմն ախտորոշել):

Իսկ եթե կինը նախկինում վիժել է կամ առողջական խնդիրներ ունի, պետք է ավելի վաղ դիմել մասնագետներին:



© NEWS.am Medicine