ԱՄՆ լաբորատորիաներից մեկում մահացու վտանգավոր բակտերիաների արտահոսք է տեղի ունեցել

12:47   3 մարտի, 2015

Պրիմատների հետազոտությամբ զբաղվող Tulane National Primate Research Center լաբորատորիայում  Burkholderia pseudomallei մահացու վտանգավոր բակտերիաների արտահոսք է տեղի ունեցել:

Ասիայի հարավ-արեւելքում եւ Ավստրալիայի հյուսիսում տարածված այս բակտերիաները մելիոիդոզ ինֆեկցիոն հիվանդություն են առաջացնում, որից մարդը մահանում է 2-3 օրվա ընթացքում:  Ընդ որում՝ հիվանդությունն ուղեկցվում է թարախային այտուցվածություններով եւ սեպսիսով:

Պարզ չէ, ինչն է բակտերիաների արտահոսքի պատճառ հանդիսացել, քանի որ Լուիզիանայում գտնվող լաբորատորիան հագեցած էր անվտանգության անհրաժեշտ ժամանակակից բոլոր միջոցներով:  Լաբորատորիայի ներկայացուցիչների խոսքով՝ այս բակտերիաներով է վարակվել հետազոտություններում չներառված առնվազն 5 պրիմատ, բայց ինչպես դա կարող էր տեղի ունենալ, պարզ չէ: Նշենք, որ լաբորատորիայի տարածքից վերցրած հողի եւ ջրի նմուշներում բակտերիան չի հայտնաբերվել:

Փոխարենը Burkholderia-ն հայտնաբերվել է լաբորատորիա այցելած դաշնային քննիչի անալիզներում, սակայն եւս  հասկանալի չէ, թե ինչ ճանապարհով վերջինս կարող էր վարակվել դրանով:

Պաշտոնական անձանց տվյալներով՝ բակտերիաների արտահոսքը բնակչության համար որեւէ վտանգ չի ներկայացնում: Սակայն լաբորատոր բոլոր հետազոտություններն այժմ դադարեցված են մինչեւ հետաքննության ավարտը: Բակտերիաներով վարակված կենդանիներն էլ ենթարկվել են էվթանազիայի:

 



© NEWS.am Medicine