Սոցհարցում՝ մարդկանց մեծամասնությունը չի լվանում ձեռքերը զուգարանից օգտվելուց հետո

21:38   3 մարտի, 2015

Մեծ Բրիտանիայի սոցիոլոգները լայնածավալ հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե մարդկանց քանի տոկոսն է լվանում ձեռքերը զուգարանից օգտվելուց հետո: Պարզվեց, որ հիգիենայի պահպանման պարզագույն այս կանոնին չի հետեւում տղամարդկանց 62 եւ կանանց 40 տոկոսը:

Մեծ Բրիտանիայի 100 հազար բնակիչ ներառած սոցիալական հետազոտության ընթացքում տղամարդկանց մեծ մասը եւ կանանց կեսից ավելին խոստովանեց, որ չի լվանում ձեռքերը զուգարանից օգտվելուց հետո: Հարկ է նշել, որ հիգիենայի պահպանման տարրական այս կանոններին մեզ սովորեցնում են դեռեւս վաղ մանկության ընթացքում: Զուգարանից հետո ձեռքերը լվանալը կասեցնում է աղեստամոքսային համակարգի խնդիրներ եւ մի շարք այլ հիվանդություններ հարուցող բակտերիաների զգալի քանակի տարածումը:

Առավել վտանգավոր է այս սովորությանը չհետեւելը բուժհաստատություններում, որտեղ թուլացած իմունիտետով բազմաթիվ մարդիկ են գտնվում: Որեւէ բակտերիայի ներթափանցումը այդ մարդկանց օրգանիզմ կարող է հանգեցնել լրջագույն բարդացումների՝ երբեմն մահվան ելքով: Մարդիկ շատ արագ են փոխանցում այդպիսի պաթոգենները, քանի որ օրվա ընթացքում հազարավոր անգամներ ձեռքերով դիպչում են բերանին: Բակտերիաները ապրում են նաեւ հաճախակի օգտագործվող տարբեր իրերի՝ հեռախոսների, աթոռների, սեղանների, դռան բռնակների մակերեսին:

Վերջերս գիտնականները պարզել են, որ օֆիսային միջին հաշվարկային աշխատողը անմիջական կոնտակտ է հաստատում օրական ավելի քան 10 միլիոն բակտերիայի հետ:

Անցած տարի ամերիկյան հետազոտողները բազմիցս ընդգծել են ձեռքերը լվանալու կարեւորությունը: Ավելի վաղ նրանք բացահայտել էին, որ վտանգավոր վիրուսները կարող են տարածվել ամբողջ օֆիսով մեկ 2-4 ժամվա ընթացքում: Այս ընթացքում վիրուսի առկայության հետքերը հայտնաբերվել էին օֆիսի աշխատակիցների եւ այցելուների 60 տոկոսի մոտ:

 



© NEWS.am Medicine