Անվճար բուժծառայություններ Երեւանի կանանց համար՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը

14:57   3 մարտի, 2015

Մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակամիջոցում Երեւանում անցկացվելու է «Ձեզ համար, կանայք» ակցիան, որի շրջանակներում մայրաքաղաքի բնակչուհիները հնարավորություն են ստանալու մի շարք անվճար հետազոտություններ անցնելու եւ հարկ եղած դեպքում՝ նաեւ անվճար վիրահատվելու: Այս մասին լրագրողներին մարտի 3–ին ասաց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյաննը:

Այս տարվա առողջապահական ակցիայում հետեւյան ուղղություններն են ներառված.

• Աչքի վիրահատություններ

• Ընդհանուր վիրաբուժություն

• Գինեկոլոգիական միջամտություններ

• Համակարգչային տոմոգրաֆիա

• Վահանաձեւ գեղձի հետազոտություններ

Ակցիայից օգտվել ցանկացող կանայք պետք է դիմեն իրենց պոլիկլինիկա՝ տեղամասային թերապեւտին: Առաջնային հետազոտությունները նրանք կանցնեն պոլիկլինիկայում, իսկ հարկ եղած դեպքում կուղեգրվեն այլ հետազոտությունների կամ վիրահատությունների:

Կամսար Բաբինյանի խոսքով՝ քանի որ պացիենտների հոսքն այսպիսի ակցիաների ժամանակ բավական մեծ է լինում, վիրահատությունները հերթագրման սկզբունքով են կատարվելու: Ընդ որում, եթե քաղաքացիները մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակամիջոցում դիմեն պոլիկլինիկա, նրանց հերթագրեն, բայց վիրահատության օրը ապրիլի 7-ից հետո նշանակեն, վիրահատությունը նրանց համար միեւնույն է անվճար կլինի:

Նախորդ տարի քաղաքապետարանի ակցիայից 26 000-ից ավելի մարդ է օգտվել եւ 1936 անվճար վիրահատություն է կատարվել, որոնցից մոտ 800-ը աչքի վիրահատություններ էին:

Առաջացող խնդիրների մասին կարելի է ահազանգել քաղաքապետարանի թեժ գիծ. Կամսար Բաբինյանը հավաստիացրեց, որ ցանկացած խնդիր արձագանք կստանա:



© NEWS.am Medicine