Գիտնականները պարզել են առնանդամի միջին չափը

23:45   3 մարտի, 2015

Ներկայացվել է երկրագնդի տղամարդկանց առնանդամի երկարության  ամենալայնածավալ ու հնարավորինս օբյեկտիվ հետազոտությունը: Մասնագետները որոշում են ընդունել ամփոփել բժիշկների տրամադրած տվյալները, քանի որ իրենք տղամարդիկ սովորաբար ստում են՝ խոսելով իրենց առնանդամի երկարության մասին:

British Journal of Urology International ամսագրում լույս տեսած հոդվածում ամփոփվել են երկրագնդի տարբեր մասերի բնակիչ 15521 տղամարդու սեռական օրգանի երկարությանը վերաբերող տվյալները: Պարզվել է, որ հանգիստ վիճակում առնանդամի միջին երկարությունը կազմում է 9.16 սմ, իսկ էրեկցիայի դեպքում՝ 13.12 սմ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սանդղակի բեւեռներում գտնվող չափերը (մեծ եւ փոքր առնանդամներ) շատ հազվադեպ են հանդիպում: 100 տղամարդկանցից միայն 5-ի առնանդամն է 16 սանտիմետրից երկար: Շատ հազվադեպ են հանդիպում նաեւ 10 սանտիմետրից կարճ սեռական օրգանները:

Պարզվեց նաեւ,  որ առնանդամի երկարությունը կախված չէ տղամարդու կենսաբանական այլ հատկանիշներից՝ ինչպիսին են, օրինակ, քաշը, հասակը կամ կոշիկի համարը: Որեւէ կապ չհայտնաբերվեց նաեւ առնանդամի երկարության եւ ռասայի կամ ազգության միջեւ:

Սեփական առնանդամի երկարության հետ կապված բացասական զգացողությունները լուրջ հոգեբանական խնդիր են համարվում: Շատերը դիմում են վտանգավոր վիրահատությունների այս խնդիրը լուծելու համար: Նշյալ խնդիրը, սակայն, հետազոտության առաջատար հեղինակ Դեվիդ Վիլայի խոսքով, բացառապես հոգեբանական բնույթ ունի: 

«Տղամարդիկ հակված են կոմպլեքսավորվելու իրենց առնանդամի երկարության պատճառով, սակայն նրանք մշտապես ելնում են այլ տղամարդկանց այդ օրգանի երկարության մասին շատ աղոտ պատկերացումներից», - նշում է Վիլը: Գիտնականների խոսքով՝ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ պոռնոգրաֆիկ ֆիլմերի ռեժիսորները, որոնք նկարահանումների համար ընտրում են հնարավորինս երկար առնանդամներով դերասանների: Մեղավոր են նաեւ բազմապիսի սպամ հաղորդագրությունների հեղինակները, քանի որ նմանատիպ հաղորդագրություններում որպես առնանդամի երկարության նորմա նշվում է 17.78 սանտիմետրը:



© NEWS.am Medicine