Պարաշյուտիստ Քրիսթոֆեր Ջոնսի մոտ նոպա է սկսվել թռիչքի ժամանակ, երբ նա գտնվում է 3.5 կմ բարձրության վրա:
NBC News-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ նոյեմբոերի 14-ին շատ նորմալ սկսված թռիչքն իր կյանքի ամենասարսափելի պահն է դարձել: Տեսանյութում, որը նկարահանել է ինստրուկտոր Շելդոն Մաքֆարլեյնը, երեւում է, թե ինչպես է 2.7 կմ բարձրության վրա Քրիսթոֆերի մոտ նոպա սկսվում, ջղաձգումներ են ի հայտ գալիս, իսկ այնուհետեւ նա 30 վայրկյանով կորցնում է գիտակցությունը:
Ինստրուկտորը սկզբից մտածել է, որ Քրիսթոֆերը ցանկանում է նոր ինչ-որ հնարք փորձել: Այնուհետեւ հասկացել է, որ նրան շատ մեծ վտանգ է սպառնում: Ինստրուկտորին հաջողվել է օդում մոտենալ Քրիսթոֆերին եւ բացել նրա պարաշյուտը: Մոտավորապես մեկ կիլոմետր բարձրության վրա Քրիսթոֆերը գիտակցության է եկել եւ հաջողությամբ վայրէջք կատարել առանց վնասվածքների:
Ինստրուկտորը, փաստորեն, փրկել է տղայի կյանքը, սակայն իրեն հերոս չի համարում:
«Ես ընդամենը իմ գործն եմ անում», - համեստորեն նշել է նա NBC News-ին տված հարցազրույցում: