Ի՞նչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի շահառուների առողջապահական փաթեթում

15:01   4 մարտի, 2015

2015 թվականի հունվարի 1-ից պետական ծառայողների սոցիալական փաթեթում երեք հիմնական փոփոխություն է կատարվել, որոնցից գլխավորը ամենամյա կանխարգելիչ բուժզննման ներդրումն է: Այս մասին լրագրողների հետ այսօր, մարտի 4–ին, կայացած հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

Երկրորդ փոփոխությունն այն է, որ սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների շարքում ընդգրկվել են արտահիվանդանոցային դժվարամատչելի այնպիսի ծառայություններ, ինչպիսին են ՄՌՏ-ն, ՀՏ-ն, անգիոգրաֆիան, կորոնաարոանգիոգրաֆիան եւ այլն: Այս ծառայությունները սոցփաթեթից օգտվող պետական ծառայողներին տրամադրվելու են արտոնյալ գներով, գնի մնացած մասը հատուցելու է պետությունը:  Ս.Ծատուրյանը պարզաբանեց, որ, եթե նախկինում շահառուն ստիպված էր հիվանդանոց պառկել նշյալ ծառայությունները ստանալու համար, այժմ նա կարող է ստանալ դրանք ամբուլատոր կերպով:

Երրորդ փոփոխության էությունն էլ այն է, որ սոցփաթեթից օգտվողները իրավունք են ստանում այդ փաթեթի շրջանակներում տրամադրված գումարով ապահովագրել նաեւ իրենց ընտանիքի անդամներին: Այսինքն՝ հավելյալ այդ միջոցներով նրանք կարող են ձեռք բերել կամ լրացուցիչ ապահովագրություն անձամբ իրենց համար (այն ծառայություններից օգտվելու նպատակով, որոնց դիմաց պետությունը չի վճարում), կամ իրենց ընտանիքի անդամների համար:

Ս.Ծատուրյանը պարզաբանեց, որ ՀՀ ԱՆ 2015 թվականի բյուջեում սոցիալական ապահովագրության կարիքների համար նախատեսված է 3.3 միլիարդ դրամ, իսկ բաշխման մեխանիզմը չի տարբերվում պետպատվերի դեպքում գործող մեխանիզմից: Պետությունը պայմանագրեր է ստորագրել բուժհաստատությունների հետ, ստորագրված պայմանագրերի շրջանակներում էլ տրամադրվելու են միջոցները: Այսինքն՝ այս ծառայությունների դիմաց վճարվող գումարը տրամադրվելու է ոչ թե սոցփաթեթի շահառուին, այլ բուժհաստատություններին: Իսկ շահառուի հաշվին փոխանցվող գումարը, որն այս տարի 72 հազար դրամ է կազմել, կարող է ծախսվել ըստ նրա ցանկության՝ տուրիստական շրջագայության, երեխաների ուսման վարձը վճարելու, հիպոտեկային վարկը մարելու, նաեւ, ինչպես արդեն նշել էինք, ընտանիքի անդամներին ապահովագրելու համար:

Բանախոսը նշեց նաեւ, որ պետությունը սահմանել է ընտանիքի անդամի համար նախատեսված մինիմալ ապահովագրական փաթեթը, որը կարող են տրամադրել ապահովագրական ընկերությունները: Այս ծրագրի շահառուների հետ աշխատել ցանկացող ընկերությունները պետք է համաձայնեցնեն իրենց մինիմալ փաթեթները նախարարության հետ: Փաթեթի գինը պետության կողմից չի սահմանվում, այն կարող է գերազանցել նշյալ 72 հազար դրամը, այդ դեպքում գումարի մնացած մասը շահառուն կվճարի իր գրպանից:



© NEWS.am Medicine