Ինչու՞ բուժհաստատությունները ունեն լիմիտ սոցփաթեթի շահառուներին սպասարկելու համար

21:47   4 մարտի, 2015

Մենք պետք է միանգամից երկու խնդիր լուծենք՝ ապահովենք քաղաքացիների՝ բուժհաստատության ընտրության հնարավորությունը, ինչպես նաեւ կատարենք բուժհաստատությունների նկատմամբ պայմանագրով նախատեսված մեր պարտավորությունները: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը` պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի այն հարցին, թե ինչու է լիմիտավորվում սոցփաթեթի շահառուների այն թիվը, որոնց սպասարկում է այս կամ այն բուժհաստատությունը: Արդյոք ավելի լավ չէ՞ր լինի թույլ տալ սոցփաթեթի շահառուներին ազատ ընտրություն կատարել բուժհաստատությունների միջեւ, իսկ գումարը հատկացնել ծառայությունների մատուցման փաստով:

Նա նշեց, որ  սոցփաթեթի շրջանակներում ծառայությունները պետության կողմից գնվում են են նույն այն մեխանիզմով, որը գործում է պետպատվերի դեպքում, եւ այս մեխանիզմը չի ենթադրում բաց պայմանագրեր:

«Պետությունը չի կարող որեւէ բուժհաստատության հետ բաց պայմանագիր ստորագրել՝ այսինքն՝ չարձանագրել գումարը, իսկ տարվա վերջում վճարել հիվանդների սպասարկման փաստով: Սա հակասում է օրենքին: Տարվա սկզբում ամեն բուժհաստատության համար սահմանվում է որոշակի գումար, այլ բան է, որ տարվա ընթացքում այդ գումարը կարող է վերանայվել, ինչն էլ, սովորաբար, տեղի է ունենում», - նշեց մեր զրուցակիցը:

Ս. Ծատուրյանը հավելեց, որ այս տարի պետական ծառայողների ուղեգրի վրա չեն նշվում կոնկրետ բուժհաստատությունները, որտեղ նրանք կարող են դիմել, սակայն բացառված չէ, որ տարվա վերջին այս կամ այն կլինիկան կարող է հրաժարվել պետական ծառայողին սպասարկելուց, քանի որ պետության տրամադրած միջոցներն արդեն վերջացել են: Այս դեպքում, նշում է Սարո Ծատուրյանը, սոցփաթեթի շահառուն կարող է կամ այլ բուժհաստատություն դիմել, կամ էլ հերթագրվել նույն բուժհաստատությունում՝ հաջորդ տարի սպասարկվելու ակնկալիքով:



© NEWS.am Medicine