Գարնանային դեպրեսիա. ի՞նչ է այն եւ ինչպե՞ս պայքարել դրա դեմ

16:42   5 մարտի, 2015

Գարնանը քրոնիկ շատ հիվանդություններ սրվում են, իսկ որոշ մարդկանց մոտ, չնայած լավ եղանակին, սկսվում է «գարնանային դեպրեսիան»: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը լրագրողներին պատմել է,  ինչպես կարելի է տարբերել գարնանային դեպրեսիան հասարակ տխրությունից եւ ինչպես կարելի է ազատվել դրանից:

Նրա խոսքով՝ շատերը դեպրեսիա են անվանում նույնիսկ հասարակ վատ տրամադրությունը եւ հոգնածությունը (որոնք, ի դեպ, եւս շատ հաճախ են հանդիպում գարնանը), սակայն այս երեւույթները տարբեր են իրենց  էությամբ:

Մի շարք ախտանիշներ թույլ կտան տարբերել դեպրեսիան (հատկապես սեզոնային դեպրեսիան) տխրությունից եւ ընկճվածությունից:

- Ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը, դեպի ապագա նայելու ցանկության ու հնարավորության բացակայությունը

- Ապագայում ինչ-որ բան ստանալուն ուղղված քայլերի ձեռնարկումից հրաժարվելը

- Իրականությունից մեկուսանալը

- Քնի խանգարումներ՝ ցերեկային քնկոտություն եւ գիշերային անքնություն

Բոլոր այս ախտանիշները, ինչպես նաեւ մի շարք այլ ախտանիշներ, կարող են գարնանային դեպրեսիայի պատճառ դառնալ: Հոգեբանի խոսքով՝ սովորաբար այսպիսի դեպրեսիայով տառապում են այն մարդիկ, որոնք շատ բան են ակնկալում շրջապատից եւ միեւնույն ժամանակ պասիվ են, որեւէ քայլ չեն ձեռնարկում իրենց նպատակների իրագործման համար: Երբ հույսերը չեն արդարանում, սկսվում է դեպրեսիան:

Ինչպե՞ս կարելի է ազատվել դեպրեսիայից

Հոգեբանը խորհուրդ է տալիս դեպրեսիայի դեպքում ավելի ակտիվ կենսակերպ վարել: Օրինակ, կարելի է մարզասրահ գնալ կամ սկսել զբաղվել սիրած սպորտաձեւով: Կարելի է նաեւ կազմել այն գործերի ցուցակը, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել շաբաթվա ընթացքում: Սա լավ մոտիվացիա կլինի եւ կստիպի Ձեզ գործել:

Նախընտրելի է նաեւ շրջապատված լինել դրական, հաճելի մարդկանցով, իսկ բացասական էմոցիաները փորձել արտահայտել ստեղծագործելու միջոցով, նշում է հոգեբանը:



© NEWS.am Medicine