Լիբերիայում ապաքինվել է Էբոլայով տառապող վերջին հիվանդը

21:32   5 մարտի, 2015

Հիվանդանոցից դուրս է գրվել Էբոլայով տառապող վերջին հիվանդն այս երկրում, հաղորդում է  Associated Press-ը: Անգլերենի 58-ամյա ուսուցչուհի Բաստրիս Յարդոլոն ապաքինվեց եւ հինգշաբթի վերադարձավ տուն:

«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, քանի որ հեշտ չէր դիմադրել այս ամենին եւ ողջ մնալ», - նշում է կինը:

Լիբերիայում Էբոլայով վարակման նոր հաստատված դեպքերի մասին տեղեկություններ չկան: Այսպիսով, 42 օր անց երկիրը կարելի է Էբոլայից ազատված համարել:

Լիբերիան, Սիերա Լեոնեն եւ Գվինեան 2014 թվականին Էբոլայի բռնկումից առավել տուժած երկրներն են: Նշենք, որ Էբոլան ավելի քան 9800 մարդու կյանք է խլել:

 

 



© NEWS.am Medicine