Ամերիկացիները արհեստական սիրտ են ստեղծել առանց զարկերակի

18:42   13 մարտի, 2015

Ամերիկացի գիտնականները արհեստական սիրտ են ստեղծել, որը առհասարակ չի բաբախում: Այսպիսով, տրանսպլանտացիա անցած մարդու օրգանիզմում ոչ զարկերակ, ոչ էլ սրտի բաբախում է նկատվելու:

Արհեստական սրտի բացառիկ աշխատանքային նախատիպը արդեն կենդանիների վրա իր առաջին փորձարկումներն է անցել: Փորձարկումները ցույց են տվել, որ սիրտը թույլ է տալիս կենդանիներին շարժվել ու ապրել մի ամսից ոչ պակաս մինչեւ սպանդը: Իսկ սպանդը անհրաժեշտ էր գիտնականներին՝ ուսումնասիրելու համար սրտի պրոթեզի ազդեցությունը ուղեղի, լյարդի եւ այլ օրգանների վրա:

BiVACOR ամերիկյան ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Թեքսասի Սրտաբանական ինստիտուտում, աշխատում է այդ սրտի՝ մարդու համար նախատեսված տարբերակի վրա: Նշենք, որ սովորական սիրտը մեկ տարվա ընթացքում բաբախում է 42 միլիոն անգամ, իսկ այս պրոտեզը չի բաբախում ընդհանրապես:

Պրոթեզը հիանալի համակցվում է երիկամների եւ թոքերի հետ: Բիոնիկ սրտի ներսում գտնվում է պտտվող սկավառակը, որը պահվում է երկու մագնիսական դաշտի շնորհիվ: Սկավառակը պտտվում է րոպեում երկու-երեք հազար պտույտ հաճախականությամբ՝ անհրաժեշտ էներգիա ստեղծելով արյունը օրգանիզմ հասցնելու համար:

 



© NEWS.am Medicine