Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման դեղամիջոցները կարող են օգնել դիաբետով տառապողներին

22:31   21 մարտի, 2015

Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման դեղամիջոցները կարող են օգնել նաեւ շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց՝ մեղմելով հիվանդության բարդություններով եւ նյարդերի վնասմամբ պայմանավորված ցավը: Այս մասին են հայտնում Հենրի Ֆորդի  հիվանդանոցի ամերիկացի գիտնականները:

Խոսքը գնում է պերիֆերիկ նեյրոպատիայի մասին, որը դիաբետի՝ առավել հաճախ հանդիպող բարդություններից է (հանդիպում է հիվանդների 70 տոկոսի մոտ):

Գիտափորձի շրջանակներում նշված կլինիկայի մասնագետները առանձնացրել են երկրորդ տիպի դիաբետով 36 շաբաթական (ինչը մոտավոր կազմում է մարդու միջին տարիքը) արու մկներին: Կրծողների մի խմբին մշակել են Սիլդենաֆիլով կամ Վիագրայով ամեն օր ութ շաբաթների ընթացքում:  Մյուս 15 մկներին ամեն օր մշակում էին աղի լուծույթով:

Նյարդային եւ ֆունկցիոնալ մի շարք թեստերից հետո գիտնականները պարզել են, որ էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցներով մշակված մկների մոտ նկատելի բարելավվել է սենսորային ֆունկցիան բուժման 6-րդ շաբաթում: Այս դեղամիջոցները կարողացան մեղմել ցավը՝ բարելավելով նյարդերի սնուցումը արյամբ:

Հատկանշական է, որ, չնայած նրան, որ մի շարք այլ միջոցներ կենդանիներ ներառող ավելի վաղ իրականացված գիտափորձերին ցույց են տվել իրենց արդյունավետությունը, դրանց մեծամասնությունը ոչ մի առավելություն չուներ իրական հիվանդների վրա փորձարկման ժամանակ: Հետազոտության հեղինակները համոզված են, որ նրանց բացահայտումը կարող է օգնել պերիֆերիկ նեյրոպատիայի բուժման արդյունավետ միջոց գտնել:

 



© NEWS.am Medicine