Արդյոք կապ գոյություն ունի՞ բորբոքման եւ դեպրեսիայի միջեւ

22:48   23 մարտի, 2015

Եթե դուք դեպրեսիա ունեք, բացառված չէ, որ դրանում իր մեղքի բաժինն ունի ուղեղում ընթացող բորբոքումը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ նյարդերի բորբոքման եւ դեպրեսիայի միջեւ կապ գոյություն ունի:

Քլիվլենդի կլինիկայի բժիշկ Ամիտ Անանդի խոսքով՝ վերջերս իրականացված հետազոտությունը, որի արդյունքները լույս են տեսել JAMA Psychiatry ամսագրում, ցույց է տալիս, որ կլինիկական դեպրեսիա ունեցող մարդկանց օրգանիզմում բորբոքային պրոցեսները 30 տոկոսով ավելի շատ են: Հետաքրքիր է նաեւ, որ ինտերֆերոն պարունակող դեղամիջոցները, որոնք օգտագործվում են հեպատիտ C-ի բուժման ժամանակ, նույնպես դեպրեսիայի պատճառ են դառնում:

Մյուս կողմից, ինչպես նշում է Անանդը, երբ թեթեւ բորբոքում ունեցող հիվանդները աուտոիմունային կամ հակաբորբոքային դեղորայք էին ընդունում, նրանց դեպրեսիան սկսում էր նահանջել: Այս ամենը, բժշկի խոսքով, խոսում է այն մասին, որ դեպրեսիայի ու բորբոքման միջեւ կապ գոյություն ունի, եւ այդ կապի առկայությունը ապացուցել հնարավոր կդառնա մոտ ապագայում:

Սթրեսը, մասնագետի խոսքով, նույնպես կարող է որոշակիորեն նպաստել դեպրեսիայի զարգացմանը, եւ այս երեւույթների միջեւ գոյություն ունեցող կապի ճիշտ ընկալումը կարող է օգնել սթրեսի եւ դրա հետեւանքների դեմ պայքարող դեղամիջոցներ ստեղծելու գործում:

Բժիշկ Անանդի խոսքով՝ չնայած նրան, որ բորբոքման եւ դեպրեսիայի միջեւ կապն ակներեւ է, դա դեռ չի նշանակում, որ բժիշկները պետք է հակաբորբոքայիններ նշանակեն դեպրեսիայով տառապող մարդկանց: Անհրաժեշտ են նոր հետազոտություններ՝ պարզելու համար, որ հիվանդներին այս դեղամիջոցներն իսկապես կարող են օգնել:



© NEWS.am Medicine