Սոցփաթեթի շահառու կնոջը հրաժարվել են հետազոտել «Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում

18:05   24 մարտի, 2015

Սոցփաթեթի շահառու կնոջը հրաժարվել են հետազոտել Երեւանի էնդոկրին դիսպանսերում «Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակներում: Նրան հետ են ուղարկել պոլիկլինիկա նոր ուղեգրի հետեւից, որպեսզի նա հետազոտվի սոցփաթեթի, այլ ոչ թե ակցիայի շրջանակում: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել է ինքը կինը, որը չցանկացավ նշել իր անունը:

Կինը աշխատում է երեւանյան դպրոցներից մեկում եւ սոցփաթեթի շահառու է, որն էլ նրան հնարավորություն է տալիս որոշ հետազոտություններ անցնել եւ բուժում ստանալ պետպատվերի շրջանակներում: Սակայն կինը ցանկացել է օգտվել ակցիայից, որը, բացի այլ հետազոտություններից եւ վիրահատություններից, առաջարկում է նաեւ վահանաձեւ գեղձի եւ դրա հորմոնների անվճար հետազոտություն: Գրանցման վայրի պոլիկլինիկայում նրան ասել են, որ դա հնարավոր է, եւ ուղեգրել են Երեւանի էնդոկրին դիսպանսեր:

Դիսպանսերում կնոջից արյուն են վերցրել, սակայն, իմանալով, որ նա նաեւ սոցփաթեթի շահառու է հանդիսանում, հրաժարվել են հետազոտել եւ նորից ուղարկել են պոլիկլինիկա՝ սոցփաթեթի շրջանակներում հետազոտվեկու ուղեգիր վերցնելու համար: Նոր այս ուղեգրով կինը ստիպված կլինի այլ կլինիկա դիմել եւ կրկին արյուն հանձնել:

Քաղաքապետարանի առողջապահության վարչությունում NEWS.am Medicine-ի թղթակցին ասել են, որ Երեւանի բոլոր կանայք, անկախ սոցփաթեթի առկայությունից, կարող են մասնակցել «Ձեզ համար, կանայք» ակցիային, որն անց է կացվում մարտի 8-ից ապրիլի 7-ը: Սակայն, վարչության մասնագետի խոսքով, կոնկրետ այս իրավիճակում պետք է պարզել հանգամանքները՝ հասկանալու համար, ինչու են կնոջից նոր ուղեգիր պահանջել:

 



© NEWS.am Medicine