Գիտնականները բացահայտել են գենը, որի պատճառով ճարպը գոտկատեղի հատվածում է կուտակվում

16:39   25 մարտի, 2015

Գիտնականները բացահայտել են այն գենը , որի պատճառով որոշ մարդկանց մոտ ճարպը կուտակվում է ոչ թե ազդրերի եւ ոտքերի հատվածում, այլ գոտկատեղի եւ որովայնի հատվածում: Այլ կերպ ասած՝ հենց Plexin D1 կոչվող այս գենը պատասխանատու է մարդու կազմվածքի «տանձաձեւ» կամ «խնձորաձեւ» տեսակի համար:

Այս բացահայտումը, Դյուկի համալսարանի (Հյուսիասիայի Կարոլինա) գիտնականների խոսքով, շատ կարեւոր է, քանի որ «խնձորաձեւ» կազմվածքը շատ ավելի վտանգավոր է առողջության համար, քան «տանձաձեւ» տեսակը: Որովայնի հատվածում ճարպը կուտակվում է կենսական նշանակություն ունեցող օրգանների շուրջ եւ սկսում է հորմոններ եւ այլ քիմիկատների սինթեզել, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը, խոլեստերինի եւ շաքարի մակարդակը արյան մեջ՝ այդպիսով բարձրացնելով սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի ու դիաբետի զարգացման հավանականությունը:

Այս բացահայտման շնորհիվ հնարավոր է դառնում մտածել այնպիսի դեղորայքի ստեղծման մասին, որը կարող է կանխարգելել ճարպային կուտակումները որովայնի շրջանում, եւ սա կարող է անդրադառնալ ոչ միայն արտաքին տեսքի, այլ նաեւ հիվանդների առողջության վրա:

Պարզելու համար, թե ինչ սկզբունքներով է ճարպը կուտակվում մեր մարմնի այս կամ այն հատվածում, գիտնականները ուսումնասիրել են զեբրա տրոպիկական ձուկը, որի թափանցիկ մարմինը թույլ է տալիս տեսնել, ինչ է կատարվում ներսում: Գիտնականները պարզել են, որ Plexin D1 գեն չունեցող ձկների մոտ ճարպը գրեթե չէր կուտակվում որովայնի շրջանում: Բացի այդ՝ այս ձկների մոտ շաքարի մետաբոլիզմը շատ ավելի արդյունավետ էր, հետեւաբար, նվազում էր դիաբետի զարգացման հավանականությունը:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում:



© NEWS.am Medicine