Երկրորդ տիպի դիաբետը փորձում են բուժել ցողունային բջիջներով

19:04   25 մարտի, 2015

Երկրորդ տիպի դիաբետը փորձում են բուժել ցողունային բջիջներով: Բրիտանական Կոլումբիայի կանադական համալսարանի գիտնականների նոր մոտեցումը ապացուցել է իր բարձր արդյունավետությունը մկների վրա իրականացրած փորձերի ընթացքում, այժմ հետազոտողները պատրաստվում են այն փորձարկել դիաբետով տառապող մարդկանց վրա:

Գիտնականները օգտագործել են նոր բժշկական տեխնոլոգիա, որը համակցում է ցողունային բջիջները դիաբետի դեմ դեղորայքի հետ: Այս համակցումը թույլ տվեց բուժել կրծողներին երկրորդ տիպի դիաբետից: Տեսականորեն այն կարող է օգտագործվել նաեւ մարդկանց բուժման համար: Հետազոտության հեղինակները պատրաստվում են կլինիկական փորձարկումներ անցկացնել մոտ ապագայում:

Աշխատանքները համակարգող պրոֆեսոր Թիմոթի Քեյֆերը նշում է, որ ցողունային բջիջների հիման վրա իրականացվող թերապիան, որը կոչված է փոխարինել ինսուլինը, ի զորու է բարելավել առաջին եւ երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց արյան մեջ շաքարի պարունակությունը՝ ավելի առողջ ու երկարատեւ կյանքի հնարավորություն տալով: Գիտափորձի ընթացքում գիտնականները պատվաստել են դիաբետ ունեցող մկներին մարդու ցողունային բջիջներից ստացված բջիջները, որոնք էլ վերածվեցին լիարժեք գործող բետա-բջիջների՝ ինսուլին գեներացնող ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող բջիջների նման:

Փոխպատվաստումից հետո մկների մոտ բարելավվել է գլյուկոզայի մետաբոլիզմի ցուցանիշը, ինչպես նաեւ զգայունությունն ինսուլինի նկատմամբ: Ավելին՝ դիաբետի դեմ պայքարող դեղերի եւ ցողունային բջիջների համակցում ստացած կրծողները շատ արագ կորցրեցին ավելորդ քաշը: Այս ամենը գիտնականներին հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել երկրորդ տիպի դիաբետի դեմ պայքարում:

 



© NEWS.am Medicine