3 առասպել տեսողության լազերային շտկման մասին

13:45   26 մարտի, 2015

Համացանցում շատ հաճախ է հանդիպում տարբեր տեսակի տեղեկատվություն տեսողության լազերային շտկման մասին, եւ մարդկանց դժվար է կողմնորոշվել, որտեղ է ճիշտը: Ակնաբույժ Ստիվեն Ուոլսոնը պատմում է տեսողության լազերային շտկման երեք հիմնական առասպելների մասին:

Առասպել առաջին՝ վիրահատությունից հետո ակնոց է պետք գալու ընթերցելու համար

Մասնագետի խոսքով՝ ոչ բոլոր հիվանդներին է վիրահատությունից հետո ակնոց պետք գալու: Որոշ հիվանդների մոտ LASIK պրոցեդուրայից հետո (լազերային կերատոմիլեզ) կամ PRK-ից հետո (ֆոտոռեֆրակցիոն կերատէկտոմիա) դոմինանտ աչքը սկսում է լավ տեսնել հեռուն, իսկ երկրորդ աչքը դեռեւս կարճատես է մնում, որպեսզի տեսնի այն, ինչը գտնվում է մոտ տարածության վրա: Դեռեւս պրոցեդուրայից առաջ բժիշկը կարող է պատկերացնել, ինչպիսին կլինի պացիենտի տեսողոթյունը վիրահատությունից հետո:

Առասպել երկրորդ՝ տեսողության լազերային շտկումը վտանգավոր է

Բժիշկ Ուիլսոնի խոսքով՝ ռիսկ ու վտանգ կա ցանկացած վիրահատության դեպքում, սակայն եթե ամեն ինչ ճիշտ է արվում, վտանգավոր ոչինչ լազերային շտկման մեջ չկա: Իր գործունեության ընթացքում բժիշկը ավելի քան 16 հազար նմանատիպ վիրահատություններ է արել, եւ ընդամենը մեկ հիվանդի մոտ վիրահատությունից հետո ինֆեկցիա է ի հայտ եկել, որը ստիպված եղան բուժել հակաբիոտիկներով: Համեմետության համար նշենք, որ, բժշկի խոսքով, նա ամեն շաբաթ մի քանի հիվանդ է ընդունում աչքի ոսպնյակների օգտագործման հետեւանքով առաջացած աչքի վարակով:

Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ այսպիսի վիրահատությունից հետո հիվանդների մոտ աչքի չորություն է նկատվում, բայց, բժշկի խոսքով, դեռեւս ապացուցված չէ, որ աչքի չորության պատճառը հենց լազերային միջամտությունն է, բացի այդ, աչքի չորության խնդիրը շատ հեշտ կարելի է լուծել:

Կա նաեւ վտանգ, որ նույնիսկ վիրահատությունից հետո տեսողությունը չի վերականգնվի, սակայն դրա հավանականությունը չափազանց փոքր է՝ 1 տոկոսից էլ պակաս: Այդ բարդությունը հիմնականում ի հայտ է գալիս շատ թույլ տեսողությամբ մարդկանց մոտ, բայց նրանք էլ կնախընտրեն -1 կամ -2 տեսողությունը նախքան վիրահատությունը եղած -12-ին:

Առասպել երրորդ՝ լազերի միջոցով հնարավոր չէ շտկել աստիգմատիզմը կամ հեռատեսությունը

Մասնագետի խոսքով՝ լազերային շտկման միջոցով կարելի է բուժել աչքի ռեֆրակցիայի գրեթե բոլոր հիվանդությունները՝ շատ չնչին բացառություններով:  Իսկ եթե լազերային շտկման պրոցեդուրան բավական չէ, երբեմն կարող են օգնել ներակնային ոսպնյակները:



© NEWS.am Medicine