Անջելինա Ջոլիի՝ ձվարանները հեռացնելու որոշումը ճի՞շտ էր

22:42   26 մարտի, 2015

Անջելինա Ջոլիի՝ ձվարաններն ու ֆալոպյան փողերը հեռացնելու որոշումը ճիշտ էր, նշում են ամերիկացի ուռուցքաբանները: Նրանք նաեւ ողջունում են այն, որ դերասանուհին պատրաստ է հանրության հետ կիսվել կարեւորագույն այս ինֆորմացիայով:

Փորձագետների խոսքով՝ Ջոլիի մոտ հայտնաբերվել էր BRCA1 գենի մուտացիա, որը զգալիորեն բարձրացնում է ձվարանների եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Իսկ քանի որ քաղցկեղի այս տեսակը շատ բարդ է ախտորոշել վաղ շրջանում, այն սովորաբար հայտնաբերվում է բավականին ուշ, երբ բուժումն արդեն անհնարին է: Իսկ ձվարանների ու ֆալոպյան փողերի հեռացումը, փորձագետների կարծիքով, նվազեցնում է քաղցկեղի տվյալ տեսակի զարգացման հավանականությունը: Քանի որ դերասանուհւ մայրը, մորաքույրը եւ տատիկը մահացել են քաղցկեղից, այդ հիվանդության զարգացման հավանականությունը նրա մոտ իսկապես շատ բարձր էր:

«Ձվարանների եւ ֆալոպյան փողերի կանխարգելիչ հեռացում անել խորհուրդ է տրվում մինչեւ 40 տարեկան կանանց, եթե նրանք BRCA1 եւ  BRCA2 գեների մուտացիա ունեն: Ոչ մի արդյունավետ սքրինինգ գոյություն չունի ձվարանների քաղցկեղի վաղ ախտորոշման համար, եւ շատ կանայք մահանում են քաղցկեղի ուշ ախտորոշման պատճառով», - նշում է բժիշկ Սյուզան Դոմչեկը:

Ինչպես նշում են փորձագետները, կրծքագեղձի քաղցկեղի մոտ տաս տոկոսը եւ ձվարանների քաղցկեղի 15 տոկոսը BRCA գեների մուտացիայի արդյունք են:

Ջոլիի օրինակը, ուռուցքաբանների խոսքով, կարող է ստիպել շատ կանանց ավելի ուշադիր լինել իրենց առղջության նկատմամբ:



© NEWS.am Medicine